Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն Լապշինի պատճառով երկակի ստանդարտների մեջ է մեղադրել Amnesty İnternational-ին

Amnesty İnternational-ի հայտարարությունը Ալեքսանդր Լապշինի գործով երկակի ստանդարտների այլասերված օրինակ է, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։

«Ինչո՞ւ Amnesty İnternational-ը, որը սովոր է ամեն հարմար առիթի դեպքում անհիմն քննադատել Ադրբեջանին, մինչ օրս չի հայտարարել իր դիրքորոշման մասին՝ կապված փախստականների իրավունքների և բռնի տեղահանվածների խախտումների հետ»,- հայտարարել է Հաջիևը։

Նա միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությանը մեղադրել է «Լապշինի գործին քաղաքական երանգ հաղորդելու մեջ»։

Նա «զառանցանք» է որակել Amnesty İnternational-ի հայտարարությունն այն մասին, թե Լապշինը բանտում կարող է ենթարկվել կտտանքների։

Հիշեցնենք, որ նախօրեին Amnesty International-ը խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան: Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում բլոգերը բռնությունների և անարդար դատավարության սպառնալիքի տակ է: Կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել Լապշինի դեմ քրեական վարույթը և անհապաղ ազատ արձակել բլոգերին:

«Նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Մտահոգություններ են բարձրաձայնվել Բելառուսում Լապշինի ազատազրկման պայմանների առնչությամբ: Նա նաև Ադրբեջանում խոշտանգումների և այլ բռնությունների վտանգի տակ է: Լապշինի` Բաքու ժամանելուց երկու օր անց արդեն նրան մերժել են հանդիպել նոջ հետ»,- նշում է կազմակերպությունը` ընդգծելով, որ նախկինում ևս արձանագրվել են շատ դեպքեր, երբ անհատները, ովքեր քննադատել են Ադրբեջանի իշխանություններին, ձերբակալվել են և անարդար դատական գործընթացի հետևանքով դատապարտվել ազատազրկման:

«Ալեքսանդր Լապշինին արտահանձնելով Ադրբեջան, որտեղ նա խոշտանգումների և տարատեսակ բռնությունների վտանգի տակ է, Բելառուսի իշխանությունները ձախողեցին կատարել իրենք պարտավորությունները, որոնք ստանձնել են միջազգային իրավունքի ներքո»,- հայտնում է Amnesty International-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս