Բաժիններ՝

Լապշինի կինը ահազանգում է ամուսնուն Բաքվում ոչ բավարար իրավաբանական աջակցություն տրամադրելու մասին

Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, ահազանգում է, որ իր ամուսնուն չեն տրամադրում անհրաժեշտ իրավաբանական աջակցություն, իսկ նշանակված հանրային պաշտպանն ամենևին հավատ չի ներշնչում: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

Եկատերինան նշում է, որ թեպետ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է Լապշինին անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու մասին, սակայն դա արվել է նրա` Բաքու ժամանելուց միայն 10 ժամ անց: «Ինչո՞ւ Լապշինին անմիջապես չեն տրամադրել փաստաբան և թարգմանիչ: Հենց օդանավակայանում կամ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում, որտեղ էլ հենց ԶԼՄ-ների փոխանցմամբ նա տեղափոխվել էր ժամանելուց հետո: Չեն գտե՞լ, չեն հասցրե՞լ: Իսկ ինչո՞ւ են հասցրել լրագրողների մի մեծ բանակ ուղարկել օդանավակայան: Հետևաբար` զարմանալի չէ, որ հատուկ ծառա յությունների հետ մի գիշեր անցկացնելուց հետո Լապշինը չուներ որևէ բողոք: Անգամ մի քանի ժամն է բավական, որ ցանկացած մարդու շատ բան բացատրվի…»,- գրում է Եկատերինան:

Նա իր բողոքն է հայտնում հանրային պաշտպան Սաֆար Հուսեյնովի հետ կապված և նշում, որ անհասկանալի պատճառներով Կարմիր խաչի ներկայացուցիչներին չեն թույլատրում տեսակցել Լապշինի հետ, իսկ Հուսեյնովը շարունակ կրկնում է, թե իր ամուսինը բողոք չունի: «Խնդիրը հենց փաստաբանի մեջ է, ով մինչ օրս պնդում էր, որ ընտանիքի անդամներից ոչ ոք իրեն չի դիմել` այն դեպքում, երբ ես նրան զանգահարել եմ և խոսել հետը թե փետրվարի 13-ին, թե փետրվարի 14-ին, թե այսօր»,- հայտնում է Լապշինի կինը: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Լապշինի փաստաբանն անգամ լավ ռուսե են չգիտի և տարրական կենցաղային հարցերը նրան փակուղու մեջ են դնում, ուստի կասկածից վեր է, որ նա չի կարող Ալեքսանդր Լապշինին ճշգրտորեն բացատրել գործի իրավական ասպեկտները:

Եկատերինան ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ տարբեր հրապարակումներում Լապշինի տարբեր ցուցմունքների մասին է խոսք գնում: «Այլ խոսքով` փաստաբանի առաքելությունն է ստանալ Ալեքսանդրի խոստովանությունն այն մասին, ինչ նա երբեք չի արել: Բարեկամներին համոզել, որ Ալեքսանդրի կյանքը հիասքանչ է, իսկ այն, որ նա չի զանգահարում, պարզաբանել նրանով, որ «օրենքն արգելում է»,- նշել է Լապշինի կինը:

Նա հայտնել է, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Լապշինը նոր փաստաբան կունենա, հետևաբար՝ կհայտնվի նրա վիճակի մասին ավելի օբյեկտիվ տեղեկություն: «Սակայն եթե ԶԼՄ-ներում տեսնեք, որ Ալեքսանդրը հրաժարվում է իր հարազատների կողմից փաստաբան վարձելուց, կարծում եմ ինքներդ կհասկանաք, որ նրան իսկապես անհրաժեշտ է առնվազն Կարմիր խաչի օգնությունը և շտապ»,- եզրափակել է Լապշինի կինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս