«Քվեարկեք Դաշնակցության օգտին, և ձեր երկիրն ավելի հանգիստ ու զարգացող կլինի». Աղվան Վարդանյան
«Բնականաբար, մենք ակնկալում ենք մեր քաղաքացիների շատ ավելի մեծ քվեն և դրա համար աշխատում ենք, և դրա բոլոր հիմքերը կան։ Եվ շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ ներկայություն ենք ակնկալում Ազգային ժողովում, և, եթե մեր հասարակության առնվազն այն մասը, որը մտածում է, տեսնում է, համեմատում է, չափում է, կշռում է, մենք գիտենք, որ մի զգալի մասը տեսնում է այսօրվա Դաշնակցության դերակատարությունն ու կարևորությունն ապագա պառլամենտում։ Դուք եք որոշելու, քաղաքացիներն են որոշելու։ Ես կառաջարկեի, որ այս ասուլիսից հետո դուք բոլորդ գնաք ընտրատեղամասեր և քվեարկեք Դաշնակցության օգտին։ Խոստացեք, որ անելու եք, և այդ ձայները կունենանք, և ձեր երկիրն ավելի հանգիստ ու զարգացող կլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն ի՞նչ տեղեր է ակնկալում ունենալ ապագա ԱԺ-ում։
168.am-ի հարցին՝ հետագայում ո՞ր ուժերի հետ կկարողանան կոալիցիա կազմել, Ա.Վարդանյանը պատասխանեց, թե որևէ քաղաքական ուժի հետ ՀՅԴ-ն խնդիր չի ունեցել.
«Մենք թշնամի ներսում չունենք, բոլորի հետ էլ համագործակցում ենք, բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունենք։ Իհարկե, երբեմն զայրանում ենք, հատկապես, երբ որ պոպուլիստական, անիրատեսական, զուտ ընտրություններին ձայն շահելու համար հայտարարություններ են արվում, և այլն, բայց մենք որևէ մեկի հետ խնդիր չունենք, մենք աշխատել ենք և՛ ընդդիմության մեջ, և՛ իշխանության մաս ենք եղել տարբեր փուլերում։ Ընտրությունների արդյունքները ցույց կտան։ Մենք նպատակ ունենք այնպիսի կշիռ ունենալու, որպեսզի այս ձևակերպված խնդիրները, առաջնահերթութությունները խորացնենք, արագացնենք, արդյունավետ դարձնենք։ Մեր համագործակցությունը ՀՀԿ-ի հետ անժամկետ է, բայց շարունակությունը և՛ ՀՀԿ-ի հետ, և՛ մյուս քաղաքական ուժերի հետ՝ կախված կլինի ընտրությունների արդյունքներից»։
Մանրամասները՝ տեսանյութում