«Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքային հարցն այլևս լուծված է». Արմեն Ամիրյան
Դեռևս երեկ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը երկընտրանքի մեջ էր՝ «Կա՛մ պետք է լուծարել ձեզ, կա՛մ պետք է լուծել ձեր տարածքի հարցը». այս մասին նախարարը բարձրաձայնել էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի տարեկան հաշվետվության ընթացքում:
Ժամեր անց Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվում է նախարարի պատրաստած անակնկալն ազդարարող մի հայտարարություն, որին ականջալուր արդեն այսօր լրագրողների մի հոծ զանգված ժամադրվել էր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի առջև ու սպասում էր նախարարին: Երբ բոլորն արդեն տեղում էին, լրագրողներին միացավ նաև Մշակույթի նախարարն ու բոլորին ուղեկցեց դեպի անակնկալը, որը, պարզվում է, Ազգային գրապալատի շենքում էր: Այսպիսով՝ Երևանի մնջախաղի թատրոնը, 43 տարի ձգվող «անտուն» պայմաններից հետո, վերջապես սեփական տանիք ունեցավ:
«Ազգային գրապալատը միացել է Ազգային գրադարանին, և մենք որոշեցինք Գրապալատի տարածքը տրամադրել Երևանի Մնջախաղի պետական թատրոնին, որ տարիներ շարունակ չի ունեցել իր սեփական շենքը: Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով այս տարվա ընթացքում կիրականացվեն շինարարության նախագծման աշխատանքներ, քանի որ շենքի պայմանները թատրոնին հարմարեցված չեն: Մինչև նախագծման աշխատանքներն արդեն ավարտված կլինեն Գրապալատի տեղափոխման աշխատանքները, և հավանաբար ամռանն արդեն կսկսվեն շինարարական աշխատանքները»,- ասաց նա:
Մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքում նախատեսվում է ստանալ նոր միջավայր՝ հանգստի գոտիներ, հանդերձարաններ, փորձասենյակներ, իսկ Գրապալատի վերջին հատվածում, որ ժամանակին ծառայում էր որպես գրապահոց, կկառուցվի համապատասխան դահլիճ:
Խոսելով Գրապալատի հետագա ճակատագրի մասին, որի տեղում այլևս Մնջախաղի պետական թատրոնն է, նախարար Ամիրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում մանրամասնեց.
«Ազգային գրապալատը կմիանա Ազգային գրադարանի հետ, ոչ միայն պահպանելով բոլոր գործառույթները, այլև ավելացնելով թվայնացման աշխատանքները: Ես խոստացա Գրապալատի աշխատակիցներին, որ հաջորդ շաբաթ նրանց կհրավիրեմ նույն կերպ ներկայացնելու արդեն իրենց նոր տարածքը, որ անհամեմատ շատ ավելի լավ, բարեկարգ, ջեռուցվող պայմաններ է ապահովում Գրապալատի աշխատակիցների համար: Ցանկացած ձեռնարկության վերակազմավորման կամ վերամիավորման ընթացքում լինում են նաև կրճատումներ, փոփոխություններ, դրանից չենք կարող խուսափել, բայց որ Գրապալատի գործառույթն ամբողջությամբ կպահպանվի, դա ամենակարևորն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: