Թրամփն իմացել է իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի ստի մասին. ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շաբաթներ շարունակ» իմացել է այն մասին, որ իր՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը մոլորության մեջ է գցել Սպիտակ տան ներկայացուցիչներին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր շփումների մասին։
Reuters-ի տեղեկություններով՝ Թրամփը դեռ հունվարի վերջից տեղյակ է եղել, որ Մայք Փենսը ամբողջական տեղեկատվություն չունի Ֆլինի և ռուսական կողմի բանակցությունների մասին։
Ընդ որում՝ ԱՄՆ նախագահը «միանգամից» գործողություններ չի ձեռնարկել իր խորհրդականին պարտականություններից ազատելու վերաբերյալ։
Ֆլինը լքել է խորհրդականի իր պաշտոնն այն բանից հետո, երբ պարզվել է, որ սխալ տեղեկություն է տրամադրել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին և Սպիտակ տան մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր խոսակցությունների մասին։
«Ես անզգուշաբար ոչ լիարժեք տեղեկատվություն եմ տրամադրել նորընտիր փոխնախագահին և մյուսներին Ռուսաստանի դեսպանի հետ իմ շփումների վերաբերյալ։ Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրել պետության ղեկավարից և փոխնախագահից, և նրանք ընդունել են իմ ներողությունները»,- ասվում է Ֆլինի նամակում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախազգուշացրել էր Թրամփի վարչակազմին հունվարին, որ Ֆլինը մոլորության մեջ է գցել պաշտոնատար անձանց մասնավորապես ռուս դեսպանի հետ իր շփումների վերաբերյալ և որ նա «պոտենցյալ խոցելի է շանտաժի համար Ռուսաստանի կողմից»։