![](/banners/BeFunky-design.jpg)
Քաղցկեղով հիվանդ երեխաներն առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հոգածության ներքո են
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/878797.jpg)
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կազմակերպվեց բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Տոմսերի գնորդները երեխաներն էին՝ դպրոցականները: «Երեխան պետք է մանկուց սովորի բարեգործություն անել և զգա, որ բարեգործությունը գերագույն հաճույք է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց առաջին տիկինը:
Ռ. Սարգսյանը նշեց, որ համերգի երգացանկում ընդգրկվել են հին ու բարի մանկական երգեր: «Մենք հիշեցինք ծնողների, տատիկների և պապիկների մանկական երգերը և անհրաժեշտություն եղավ թարգմանելու դրանք: Այդ ժամանակ մեզ օգնության հասավ Ավետ Բարսեղյանը: Նա թարգմանեց բոլոր տեքստերը, այնուհետև մեզ միացավ Նարեկ Դուրյանը իր հրաշալի սցենարով»,- ասաց առաջին տիկինը:
Հաղորդավար, երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանի խոսքով` Ռիտա Սարգսյանի մանկավարժական երկար տարիների փորձի շնորհիվ կարողացան կյանքի կոչել այս համերգը: «Երգերի հաջողության մեծ գրավականը տիկին Սարգսյանի մանրակրկիտ աշխատանքն է, քանզի նա մանուկների հետ երկար տարիներ աշխատել է և լավ գիտի, թե որ երգերը, հնչյունները և շարահյուսությունը կարող են հաճո լինել մանուկներին»,- շեշտեց Բարսեղյանը:
Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով` 2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Երեխաների քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում տարեկան գրանցվում է չարորակ ուռուցքով հիվանդացության 215 000 նոր դեպք մինչև 14 տարեկան երեխաների շրջանում և 85 000` 15-ից 19 տարեկանների շրջանում: ԱՀԿ մասնագետների կարծիքով` ժամանակին ախտորոշում և բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 80%-ը բուժվում է: Մեր երկրում այդ թիվը տատանվում է 65%-70%-ի սահմաններում: Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 50-ից 60 նոր դեպք:
Չարորակ ուռուցքներով երեխաների ախտորոշումը և բուժումը կատարվում է ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ՀՀ ԱՆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում և ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայում` պետական պատվերի շրջանակներում: Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացում անգնահատելի է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանի մասնակցությունը: Հիմնադրամը մշտապես աջակցում է հիվանդ երեխաների բուժման հետ կապված խնդիրների լուծմանը, թանկարժեք դեղերի ձեռք բերմանը, անհրաժեշտության դեպքում` օժանդակում է նրանց բուժման կազմակերպմանը ինչպես արտերկրի հեմատոլոգիական և օնկոլոգիական կլինիկաներում, այնպես էլ Հայաստանում վերջերս արդիականացված ՀՀ ԱՆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Նոր ծառայություններով ու սարքավորումներով համալրված կենտրոնը հնարավորություն ունի բարձրացնելու և միջազգային ցուցանիշներին հասցնելու հիվանդ մանուկների, նաև մեծահասակների բուժման արդյունավետությունը:
Կենտրոնում արյան չարորակ հիվանդությունների ախտորոշ ումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան նորագույն մեթոդներով: Միաժամանակ, ՀՀ ԱՆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հիմնվել է տարածաշրջանում եզակի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք, որի շնորհիվ հիվանդներն այլևս ստիպված չեն լինի իրենց փրկությունը որոնել արտերկրում: