«Միանգամից իրավիճակը փոխվեց». Նարեկ Գալստյանը՝ «Ծառուկյան» դաշինքում տիրող անառողջ մթնոլորտի մասին
Արհեստական խոչընդոտների պատճառով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը չի կարողանում այս պահին մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով` այդ խոչընդոտները ՍԴՀԿ-ին ետ չեն կանգնեցնի իր նպատակներից: Նա նշեց, որ իրենք լինելու են արտախորհրդարանական ուժ և շարունակելու են իրենց պայքարը:
«Անպայման կմասնակցենք Երևանի ավագանու ընտրություններին, որևէ խոչընդոտ չի կարող մեզ ետ պահել մասնակցությունից: Ամենայն հավանականությամբ առանձին կմասնակցենք»,-ասաց Գալստյանը:
Նրա խոսքով, երկու օրվա ընթացքում իրենք չեն հասցնի առանձին ցուցակ կազմել ու փաստաթղթեր ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքից դուրս է եկել այնտեղ տիրող անառողջ մթնոլորտի ու ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու պատճառով: Ն. Գալստյանի ներկայացմամբ` ամեն ինչ շատ նորմալ էր ընթանում, բոլոր ռեյտինգային թեկնածուներն աշխատում էին:
«Արդեն նախընտրական շտաբներ էինք ստեղծել: Հետո միանգամից իրավիճակը փոխվեց, մամուլը սկսեց գրել, մենք մամուլից սկսեցինք իմանալ գործընթացների մասին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակի տարածած հայտարարություններին, թե ՍԴՀԿ-ի ու Վերակազմյալ ՍԴՀԿ-ի միջև տարաձայնություններ են եղել, նա նշեց, որ այդ հարցն անգամ բանակցությունների սեղանին դրված չի եղել և չէր կարող որևէ դերակատարություն ունենալ, նույնիսկ ժամանակ չեն վատնել դա քննարկելու համար: