ԱՄՆ-ի հայ համայնքը աջակցում է հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնումը

Միացյալ Նահանգների հայ համայնքը շարունակում է միջոցներ ձեռնարկել հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Այսպես Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը քննարկել է սենատոր Ռոբերտ Մենենդեզի հետ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ երկակի հարկումից խուսափելու պայմանագրի ստորագրման հեռանկարները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Պայմանագրի ստորագրումը նոր թափ կհաղորդի Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների հեռանկարներին: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ընդլայնումը կազմակերպության առաջնահերթությունների թվում է:

«Հարկային նոր պայմանագիրը հնարավորություն կտա գործընկերության ընդլայնման մասին Վաշինգտոնի եւ Երեւանի հայտարարություններին բովանդակություն հաղորդել», – հայտարարել է Րաֆֆի Համբարյանը:

Հանդիպման ընթացքում սենատոր Մենենդեզի հետ քննարկվել է նաեւ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի կողմից Հայաստանին օգնության հատկացումների հեռանկարն ու Երեւան-Լոս Անջելես ուղիղ ավիաչվերթի բացման հեռանկարը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը երկակի հարկումից խուսափելու մասին հայ-ամերիկյան պայմանագրի ստորագրման կարեւորության շուրջ հարցեր է հղել ԱՄՆ-ի ֆինանսների նախորդ նախարար Ջեք Լյուին: Այն ժամանակ կոնգրեսական Շերմանն ասել էր.

«Ես ցանկանում եմ բացատրել հարցի կարեւորությունը Կոնգրեսի, պետքարտուղարության եւ պաշտպանության նախարարության տեսանկյունից: Մենք Կոնգրեսում անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին միլիարդավոր դոլարների օգնություն ենք տրամադրել: Գործադիրն իր կողմից անց է կացնում քաղաքականություն՝ ուղղված նախկին խորհրդային պետությունների լիակատար անկախացմանը՝ փորձելով ազատել նրանց Մոսկվայից»:

Տեսանյութեր

Լրահոս