«ԱՄՆ-ը կարող է կորցնել աշխարհի առաջատարի դերը». Մոգերինի
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որն անցյալ շաբաթ երկօրյա այցով եղել է Վաշինգտոնում, ամփոփելով ուղեւորության արդյունքները, հայտարարել է, թե ԱՄՆ-ը կարող Է կորցնել աշխարհի առաջատարի դերը: Այս մասին հայտնել է Առաջատար պարբերական հրատարակությունների եվրոպական դաշինքին տված հարցզրույցում, որի մեջ մտնում է գերմանական Welt-ը:
«Ես երբեք Միացյալ Նահանգները չեմ տեսել այդքան բեւեռացված, տարանջատված ու հակամարտություններից կքված, որքան այժմ: Նա, ով իրապես ցանկանում Է աշխարհի առաջատարի դերը խաղալ, պետք է ներսից ամուր լինի, ինքնավստահ ու համախմբված»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
«Երբ աշխարհի մեծագույն ժողովրդավարությունը ենթարկվում է նման փորձությունների, դա կարող է ապակայունացնող գործոն դառնալ ամբողջ աշխարհի համար»,- ասել է Մոգերինին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը չպետք է միջամտի Եվրոպայի քաղաքականությանը: «Մենք չենք միջամտում ԱՄՆ-ի քաղաքականությանը: Եվ եվրոպացիներն ակնկալում են, որ Ամերիկան եւս չի միջամտի Եվրոպայի քաղաքականությանը»,- հավելել է Մոգերինին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: