ՀՀԿ-ի ցուցակից կբացակայեն հանրությանը հայտնի որոշ դեմքեր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ն երեկ հրապարակեց իր նախընտրական ցուցակի առաջին 10 անունները: Երեկոյան տեղի ունեցած ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը:
Ցուցակի 2-րդ համարը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, 3-րդը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, այնուհետեւ՝ Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը: Ցուցակն ամբողջությամբ կհրապարակվի, թերեւս, այսօր: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի ցուցակում չկան հետաքրքիր եւ հանրությանը հայտնի որոշ դեմքեր, որոշներն էլ բավական ետին կամ զարմանալիորեն առաջին տեղերում են:
Օրինակ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 11-րդն է, 12-ում փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է, 13-ում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն է, 14-ում ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, իսկ 15-ում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն է: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ցուցակում չի ընդգրկվել: Ցուցակում չկան նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը: ՀՀԿ-ում կարծիք կա, որ Դ. Հարությունյանն ընտրություններից հետո կարող է վերանշանակվել արդարադատության նախարար, նման ակնկալիքներ ունի նաեւ Հրանուշ Հակոբյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: