
ՀՀ-ն և Իրանը կարևորում են փոխգործակցությունը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում

Փետրվարի 14-ին Երևան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Մորթեզա Միրզայիի գլխավորած պատվիրակությունը:
Նույն օրը պատվիրակության հետ հանդիպեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Զաքարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ոլորտում գործընկերության և փոխօգնության խնդիրներ:
Կողմերն ընդգծեցին երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցության առավել սերտացման անհրաժեշտությունը, որպես թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության երաշխիք:
Քննարկված հարցերը մասնավորեցվեցին և փորձագիտական շրջանակում դիտարկվեցին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Հանցավորության դեմ պայքարում համագործակցության խնդիրներին էր նվիրված նաև Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերների հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի հետ:
Կողմերը քննարկեցին միջազգային իրավապահ կառույցների շրջանակում փոխգործակցության խորացման, տեղեկատվության փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Իրանի Իսլամանական Հանրապետության Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Մորթեզա Միրզայիի գլխավորած պատվիրակությունը առաջիկա օրերին գործնական հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի շարք այլ ստորաբաժանումներում: