Բաժիններ՝

Հայտնի են ամենամյա «ԴիջիԿոդ» մրցույթի հաղթողները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փետրվարի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որի հիմնական նպատակն է՝ խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը կարևորեց հատկապես այն, որ մրցույթն իրականացվում է Գյումրիում, և մրցույթին մասնակցում են աշակերտներ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից:

Ucom ընկերության մարքետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը նշում է, որ ուրախալի է, որ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին մասնակցում են նաև «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների սաները:

360 հայտերից «ԴիջիԿոդի» եզրափակիչ փուլ անցած 40 դպրոցականները մրցել են մինչև 13 տարեկան և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում: Նրանք աշխատել են Scratch Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայրում:

Մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում «Լավագույն խաղ» անվանակարգում նշված տարիքային խմբերում հաղթել են համապատասխանաբար Գավառի 3-րդ դպրոցի աշակերտ Արեն Բադալյանը՝ իր «Հետաքրքիր մաթեմատիկա» խաղով, և Գյումրու թիվ 23 դպրոցի աշակերտ Ռազմիկ Սարգսյանը՝ իր «Պայքար կեսի համար» խաղով:

«Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգի հաղթողներն են Երևանի Smart City կենտրոնի սան Հելեն Քոսոյանը՝ իր «Խելացի վերելակ», և Արծվաբերդի դպրոցի աշակերտ Վահագն Զարգարյանը՝ իր «Physics lab» խաղով:

«Լավագույն մտահղացում» անվանակարգի հաղթողն է Վանաձորի թիվ 19 դպրոցի աշակերտ Արամ Խաչատրյանը՝ իր «Կատականա» խաղով, իսկ «Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վանաձորի ՀՊՃՀ-ի ավագ դպրոցի սան Վահե Ասլոյանը՝ իր «After World» խաղով: Խրախուսական մրցանակի է արժանացել Ծովագյուղի դպրոցի սան Կոլյա Մարգարյանը՝ իր «Թվերի զարմանահրաշ աշխարհում» խաղով:

Այս տարի առաջին անգամ երկու տարիքային խմբերի համար սահմանվել էր նաև «ԱրՄաթի մրցանակ» անվանակարգը, որի հաղթողներին որոշել են ՀՀ բոլոր մարզերի հենց «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների սաները՝ իրենց վիդեոքվեարկությամբ: Այսպիսով՝ «ԱրՄաթի մրցանակին» արժանացել են Գյումրու ընտանիք կենտրոնի սան Սահակ Սահակյանը (Help C# to get programmers Love) և Տավուշի մարզի Գանձաքար գյուղի աշակերտ Մովսես Մարդանյանը (Mr. Marvin):

«ԴիջիԿոդ» ծրագրավորման մրցույթի հաղթողները ԻՏՁՄ-ի, Ucom և Huawei ընկերությունների կողմից ստացել են դրամական պարգևներ, բջջային հեռախոսներ, վերապատրաստման և տեխնոլոգիական ճամբարներին մասնակցելու հնարավորություն:

«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ Ucom ընկերության աջակցությամբ:

«ԴիջիԿոդ» մրցույթի գլխավոր գործընկերն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, գործընկերը՝ Huawei ընկերությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս