«Տարանցման միջանցքների մասին ՌԴ-ի և Վրաստանի համաձայնագիրը ոչ մի առնչություն չունի Հարավային Օսիայի հետ». Աբաշիձեի պատասխանը Զախարովային

2011թ. վրաց-ռուսական համաձայնագիրը տարանցման միջանցքների մասին ոչ մի առնչություն չունի Հարավային Օսիայի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։

«Մաքսային վարչարարության ու մոնիթորինգի բոլոր նախատեսված միջոցառումները իրականացվում են բացառապես Ռուսաստանի և Վրաստանի տարածքներում։ Տարանցման երթուղիներով բեռների անցման պայմանները, բնական է, ենթակա են հավելյալ քննարկման համապատասխան տարանցիկ երկրների հետ»,- հայտարարել է Զախարովան` նկատի ունենալով Աբխազիան ու Հարավային Օսիան։

Միևնույն ժամանակ, Զախարովան նշել է, որ «նման քննարկումը, երևի թե, վաղաժամ կլիներ»։

Աբաշիձեի խոսքով՝ 2011թ. համաձայնագիրը կնքվել է Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ու «դրանում չեն հիշատակվում Վրաստանի օկուպացված տարածքներն ու դե-ֆակտո կառավարությունները»։

«Դա համաձայնագիր է Ռուսաստանի և Վրաստանի միջև։ Այսպես կոչված Հարավային Օսիայի դե-ֆակտո իշխանությունը ոչ մի առնչություն չունի համաձայնագրին։ Այն չի մասնակցել ո՛չ դրա նախապատրաստմանը, ո՛չ ձևակերպմանը։ Համաձայնագրում չեն հիշատակվում ո՛չ Ցխինվալի շրջանը, ո՛չ Աբխազիան։ Այնպես որ ռուսական կողմը պետք է ժամանակին ավարտի աշխատանքը փաստաթղթերի վրա, անհրաժեշտ է ձևակերպել պայմանագրերն ու սկսել համաձայնագրի իրականացումը։ Հավելյալ շփոթություն առաջացնելու կարիք չկա»,- հայտարարել է Աբաշիձեն։

Ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Ռուսաստանը իրավաչափ է համարում Հարավային Օսիայի դիրքորոշումը այն բանի վերաբերյալ, որ բեռների տարանցման հարցը այդ հանրապետության տարածքով կարող է լուծվել միայն դրա իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում, միևնույն ժամանակ, այդ թեման քննարկելը դեռ վաղ է, քանի դեռ չի գործարկվել մոնիթորինգային մեխանիզմը։

Հարավային Օսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ բեռների տարանցման հարցը հանրապետության տարածքով կարող է լուծվել միայն իր իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում։

Տեսանյութեր

Լրահոս