«Ես իսկապես ցավ ապրեցի». Աթեշյանը՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականի մասին
Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթին մեկնաբանություն է տվել` կապված պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականի և այդ առնչությամբ հրապարակած հայտարարության հետ:
«Ես իսկապես ցավ ապրեցի: Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ մենք հոգևոր եղբայրներ ենք: Որպես Ստամբուլի մեջ գտնվող երկու եպիսկոպոս` ներկա դժվար ժամանակաշրջանում մեզ է վիճակվել պատրիարքարանի նավը խաղաղ նավահանգիստ առաջնորդելու գործը: Եղբայրների միջև կարող են լինել տարակարծություններ: Կրոնական ժողովի պարագայում էլ կարող եմ ասել նույնը: Ժողովում կարող են ծագել տարակարծություններ, սակայն այդ ամենից հետո պետք է ընդունել քվեարկության արդյունքը: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը լքեց մեր երեկվա ժողովը և առանց նույնիսկ խորհրդակցելու ներկայացրեց հրաժարականը` ի զարմանս բոլորի: Տեսնենք, թե առաջիկա օրերին ինչ իրադարձություններ տեղի կունենան»,- ասել է Աթեշյանը:
Սահակ եպիսկոպոս Մաշալյանը փետրվարի 13-ին հայտարարել է իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Նա հրապարակել է իր քայլերը մեկնաբանող նամակ` նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին կայացած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Նա նաև տեղեկացրել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում և հեռանալու է Ստամբուլից:
«Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնում է, պատրիարքական ընտրությունները չեն կարող կայանալ: Իր լիազորություններն օգտագործելով ութ տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, և համաձայն եկեղեցական օրենքների նա արժանի է պատժի»,- նշել է եպիսկոպոսը: