Ադրբեջանի խորհրդարանում կոչ են արել բողոքի նոտա հղել Ֆրանսիային Օլանդի՝ ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունների պատճառով
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը անհրաժեշտ է համարում բողոքի նոտա հղել պաշտոնական Փարիզին՝ կապված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վերջին հայտարարությունների հետ։
Գուլիևը հայտարարել է, որ հայկական պատվիրակության հետ հանդիպմանը «Օլանդը իր աջակցությունն է հայտնել ազգերի ինքնորոշման սկզբունքին»։
«Դա հայամետ քաղաքականության ակնհայտ աջակցություն է»,- հայտարարել է Գուլիևը՝ կոչ անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին բողոքի նոտա հղել Ֆրանսիային։
Վերջինս հայտարարել է, թե «նման հայտարարությունները հակասում են այն խաղաղարար առաքելությանը, որը իրականացնում է Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։
Վերջինս ուշադրություն է հրավիրել փաստին, որ հենց Ֆրանսիայի ներկայացուցիչներն են ամենից շատ անօրինական կերպով այցելում «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներ»։
Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ժամանակ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել էր, թե «մենք պետք է անդրադառնանք հակամարտության կարգավորման տարրերին, որոնք արձանագրված են Մադրիդյան սկզբունքներում:
Մենք գիտենք նաև, որ երբ վերջիններս կիրառվեն, դրանք պետք է հիմնվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վրա, ուստի այս ճանապարհով առաջ շարժվելու համար Ֆրանսիան նոր հանդիպում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի հետ»: