Հայաստանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա

Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա: Սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված ինքնաթիռը Սիրիա է մեկնել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից և վայրէջք կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքի օդանավակայանում:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ արդեն երկրորդ անգամն է, որ Հայաստանի Հանրապետությունը նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա:

«ՀԱՊԿ շրջանակներում եղել է մեր ռուս գործընկերների առաջարկը համադրել ջանքերը և միասին նման օգնություն տրամադրել նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրների մասնակցությամբ: Եվ Հայաստանի Հանրապետությունը, արձագանքելով այս առաջարկին, նախաձեռնեց այս մարդասիրական օգնության առաքումը: Եվ մենք շատ շնորհակալ ենք ռուսական կողմին, որ, տրամադրելով բեռնատար օդանավը, հնարավոր է դարձնում այս մարդասիրական օգնության առաքումը»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանը կարևորում է այս քայլը, որովհետև Հայաստանը բազմիցս է զգացել միջազգային մարդասիրական օգնության կարևորությունը: «Դա առանձնապես կարևոր է Սիրիայի ժողովրդի պարագայում, քանի որ մենք շատ լավ ենք հիշում, որ մեկ դար առաջ հենց Սիրիայի ժողովուրդն էր, որ հայ ժողովրդին բաժին հասած ամենածանր արհավիրքի պահին բացեց իր դռները և հյուրընկալեց հայերին: Մենք բոլորս հույս ունենք, որ օր առաջ Սիրիայում խաղաղություն կհաստատվի և մարդիկ կսկսեն վերադառնալ բնականոն կյանքին: Բայց մինչ այդ մենք շարունակելու ենք մեր ուժերի ներածի չափով աջակցել Ս իրիայի ժողովրդին, բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր դրա կարիքը ունեն»,- նշեց նախարարը:

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հավասարաչափ բաժանվելու է նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Սիրիայում օգնությունը բաժանելու հարցերով կզբաղվեն ինչպես տեղի հայկական, այնպես էլ միջազգային մարդասիրական օգնությամբ զբաղվող կառույցները: «Ընդհանուր առմամբ, մենք Սիրիա ենք առաքել 40 տոննա բեռ: Ինքնաթիռը Լաթաքիայից առկա ենթակառուցվածքներով հասցվելու է բոլոր կարիքավորներին»,- մանրամասնեց Սարգսյանը:

Նախարարը հավելեց, որ Հայաստանը որպես մարդասիրական օգնություն Սիրիա է ուղարկում սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր, այն ամենը, որ կարող է պետք լինել այդ վիճակում հայտնված մարդկանց:

Հարցին` օգնությունը միայն սիրիահայերի՞ն է բաժանվելու, թե՞ նաև սիրիացիներին, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մարդասիրական օգնությունն ազգային պատկանելություն չի ճանաչում, և մենք կցանկանանք, որ այս բեռը հավասարաչափ բաժանվի նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Իսկ ծանր վիճակում հայտնվող մարդիկ սովորաբար շատ արագ ձևավորում են միմյանց աջակցելու կարողությունը: Ես վստահ եմ, որ ձևը գտնվելու է այս մարդասիրական օգնությունը հասցնել բոլոր կարիքավորներին`  անկախ ազգային պատկանելությունից»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը վստահություն հայտնեց, որ ամեն ինչ բարեհաջող է անցնելու և առաքվող մարդասիրական օգնությունը հասնելու է կարիքավորներին: Նա հույս հայտնեց, որ այս առաքմանը կհաջորդեն նորերը: «Դա, բնականաբար, կախված կլինի եղանակային պայմաններից: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ևս մեկ ինքնաթիռ կբեռնվի»,- ընդգծեց դեսպանը:

Նա հավելեց, որ Սիրիայում հիմա բարդագույն իրավիճակ է, մարդիկ տառապում են և հարկավոր է նրանց օգնել: «Մենք գիտենք, որ Սիրիայում հայկական մեծ համայնք կա, և համատեղ կարող ենք իրականություն դարձնել այս օգնությունը` օգտագործելով առաքման ռուսական միջոցները և հայկական մարդասիրական օգնությունը»,- եզրափակեց Վոլինկինը:

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 46 մլն դրամ:

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար 2016թ. հոկտեմբերի 3-ին, ապա 5-ին ևս Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված էր. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Տեսանյութեր

Լրահոս