ՍԴՀԿ-ն դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի դաշինքում ընդգրկվելու քննարկումները

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը դադարեցնում է քննարկումները Գագիկ Ծառուկյանի ղեկավարած միավորման հետ ԱԺ առաջիկա ընտրություններում միասնական դաշինքով մասնակցելու վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել  ՍԴՀԿ մամուլի ծառայությունը:

«2016 թ.  դեկտեմբերի վերջից Գագիկ Ծառուկյանի լիազոր անձանց նախաձեռնությամբ սկսվեցին բանակցություններ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ, որի հիմքում ընկած էր հետևյալը.

Առաջիկա նախատեսվող դաշինքում քննարկվում է մեծ քաղաքական պլատֆորմի ստեղծում, որի հիմքում ընկած է քաղաքական առողջ համագործակցության, սոցիալական արդարության հաստատման, երկրում որակական փոփոխություններ կատարելու գաղափարները։

ՍԴՀԿ-ն համաձայնվել էր միանալ այդ պլատֆորմին, որտեղ դաշինք կազմող ուժերը պետք է լինեին ՍԴՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՌԱԿ-ը, ՀՀՇ-ն և «Միասնություն» շարժումը։

Քաղաքական կոնսուլտացիաները ընթացել են բոլոր մակարդակներով` ընդհուպ մինչև Գագիկ Ծառուկյանի հետ, որի հետ անձամբ ձեռք է բերվել քաղաքական պայմանավորվածություն բոլոր հնարավոր հարցերով։

ՍԴՀԿ-ն մասնակցելու էր 8 ռեյտինգային թեկնածուներով` այդ թվում բացառապես սեփական միջոցներով։

ՍԴՀԿ համաշխարհային ղեկավարությունն այս պայմաններով պատրաստ է եղել բարոյական աջակցություն ցուցաբերել դաշինքին։ Մի քանի օր է, սակայն, բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով «Հնչակյան» կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները»,- ասված է հայտարարության մեջ:

ՍԴՀԿ-ն խոստանում է մնացած մանրամասները ներկայացնել առաջիկայում հրավիրվելիք ասուլիսի ընթացքում»:

Տեսանյութեր

Լրահոս