«Հայր Գեորգիի կալանավորումը միանգամայն անսպասելի էր». Վրաստանի պատրիարքարան
Վրաստանի պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար, սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեի կալանավորումը անսպասելի է եղել Վրաստանի պատրիարքարանի համար, ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ։
Վրաստանի պատրիարքությունը սպասում է Մամալաձեի գործի հետաքննությանը, որին կալանավորել են բարձրաստիճան հոգևորականի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Մեզ համար հայր Գեորգիի կալանավորումը միանգամայն անսպասելի է եղել։ Այս փուլում տեղեկատվության բացակայության պատճառով մենք չենք կարող անել մեկնաբանություններ և կսպասենք հետաքննության արդյունքներին»,- հայտնում են Վրաստանի պատրիարքությունից։
Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկություններով՝ Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է հայր Գեորգի Մամալաձեն։
Հետաքննությունն սկսվել է 2017թ. փետրվարի 2-ին քաղաքացիներից մեկի հայտարարության հիման վրա, որը դիմել էր Վրաստանի դատախազություն և հայտնել, որ իր ծանոթ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է օգնել իրեն կյանքի համար վտանգավոր ցիանիդ նյութի որոնման հարցում, որը պետք էր բարձրաստիճան հոգևորականի սպանության համար։
Վրացի պատրիարքը Բեռլին էր ուղևորվել բուժման նպատակով փետրվարի 2-ին։ Երեկ նա ենթարկվել է միզապարկի վիրահատության։