Բաժիններ՝

Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հրաժարական է տվել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ֆլինը լքել է խորհրդականի իր պաշտոնն այն բանից հետո, երբ պարզվել է, որ սխալ տեղեկություն է տրամադրել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին և Սպիտակ տան մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր խոսակցությունների մասին։

«Ես անզգուշաբար ոչ լիարժեք տեղեկատվություն եմ տրամադրել նորընտիր փոխնախագահին և մյուսներին Ռուսաստանի դեսպանի հետ իմ շփումների վերաբերյալ։ Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրել պետության ղեկավարից և փոխնախագահից, և նրանք ընդունել են իմ ներողությունները»,- ասվում է Ֆլինի նամակում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախազգուշացրել էր Թրամփի վարչակազմին հունվարին, որ Ֆլինը մոլորության մեջ է գցել պաշտոնատար անձանց մասնավորապես ռուս դեսպանի հետ իր շփումների վերաբերյալ և որ նա «պոտենցյալ խոցելի է շանտաժի համար Ռուսաստանի կողմից»։

Աղբյուրների տեղեկություններով՝ Ֆլինը հրաժարական է ներկայացրել փետրվարի 13-ին։
Նշվում է, որ նախագահի խորհրդականի հրաժարականը աշխատանքի անցնելուց մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում «ամենակարճատևն» է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդականների շրջանում ժամանակակից պատմության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս