Լյուստրացիաների պատմական օրը

Հայաստանի նախընտրական ներկապնակում երեկ հստակեցվեց ու վերջնական ձևավորում ստացավ ևս մեկ դաշինք՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստորագրեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համագործակցության հուշագիր։ Ր. Հովհաննիսյանը հերթական անգամ օրը «պատմական» անվանեց, Օսկանյանը հնչեցրեց իրենց նպատակը՝ իշխանափոխություն, Օհանյանը՝ չբացահայտվածը բացահայտելու խոստումներ տվեց։

«Հերի՛ք է հանդուրժենք բոլոր այն բացթողումները, որոնք գոյություն ունեն, և անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք մեր ապագայի համար»,- նշեց Օհանյանը։

«Այսօր մենք մեկնարկն ենք տալիս նոր որակի, խարիզմայի, ղեկավարության շարժման: «Ժառանգությունն» ամեն ինչ պետք է անի, որ այդ պայքարը՝ հանուն Հայաստանի քաղաքացու, հանուն մեր ազատության և ինքնիշխանության, պսակվի հաջողությամբ»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: «Ս. Օհանյանին, Ր. Հովհաննիսյանին և ինձ շատ բան է միավորում և՛ անցյալում, և՛ այսօր: Երեքս էլ եղել ենք Արցախի և Հայաստանի պետականության ստեղծման ակունքներում»,- համեստորեն նկատեց Օսկանյանը:

Ու թեև այսքան «սպասված» դաշինքին միացան նաև մի քանի կազմակերպություններ՝ «Միացյալ հայեր», «Կարմիր բերետներ» և այլ անվանումներով, այնուամենայնիվ դրանից դուրս մնացին հունվարի 17-ին «Համախմբման» հետ համագործակցության համաձայնագիր ստորագրած 2 կուսակցություններ՝ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» և Արամ Գ.Սարգսյանի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորումը»։ Վերջինս դաշինքից իրենց «արտամղման» մեջ մեղադրեց «Ժառանգությանը»։ Օրեր առաջ Ա. Գ. Սարգսյանը «սկզբունքային» խնդիրների մասին էր խոսել, բայց երեկ ասուլիսում Դալլաքյանը բացահայտեց ողջ ճշմարտությունը. դաշնակիցներին լքելու պատճառը «կուլուարային» գործընթացներն են՝ Սամվել Բաբայանի ձեռամբ։

Կարդացեք նաև

Պարզվում է՝ փետրվարի 6-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ս. Բաբայանն այցելել է Դալլաքյանի ու Սարգսյանի կուսակցությունների գրասենյակներ և ներկայացրել ցուցակ, որի տասնյակում եղել են հետևյալ անունները` Սեյրան Օհանյան. Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Վահե Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան, Սուսաննա Մուրադյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան: Դալլաքյանը ցուցակում 11-րդն է եղել, Գասպարիչը՝ 14-րդը։

«Ես մերժել եմ այդ առաջարկը,- ասաց Դալլաքյանը` միաժամանակ հավաստիացնելով, թե իր համար ընդհանրապես նշանակություն չունի, թե որ համարը կլինի ինքը,- Քաղաքական և քաղաքագիտական առումով է անընդունելի դա: Համագործակցության 3 կուսակցությունները պետք է համամասնորեն ներկայացված լինեն: Սա է պատճառներից մեկը, որ դադարեցրել ենք մեր մասնակցությունը: Անձնական ամբիցիայի խնդիր չկա»:

Վ.Դալլաքյանը նաև փակագծեր է բացել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան և «Ծառուկյան» դաշինքների անհամատեղելիության վերաբերյալ։ Ըստ նրա՝ ինքն անձամբ է ջանքեր գործադրել և մի քանի անգամ Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումներ է կազմակերպել, որպեսզի դաշինք ձևավորվի, բայց համաձայնություն ձեռք չի բերվել, քանի որ Ծառուկյանին ներկայացվել են որոշ անիրականանալի և ամբիցիոզ առաջարկներ, որոնք նրա համար ընկալելի չեն եղել. «Ես եղել եմ ջատագովներից մեկը: Ցավոք, այդ համագործակցությունը տեղի չունեցավ: Այդ դաշինքը հնարավորություն կտար հեղափոխական փոփոխություններ իրականացնելու»:

Ընդ որում՝ Դալլաքյանը չի հերքել Ռոբերտ Քոչարյանի առնչությունն Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին: «Բաբայան-Օսկանյան-Քոչարյան հարաբերություններին ծանոթ եմ մամուլի հրապարակումներից։ Առավել ևս, այդ պարագայում ես՝ Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը, որի գործունեությանը դուք ծանոթ եք 1995 թվականից սկսած, ի՞նչ գործ ունեմ այդ համագործակցության մեջ»,- երկիմաստ հայտարարեց Վ. Դալլաքյանը։

Ս. Բաբայանն իր հերթին՝ հակադարձել է Դալլաքյանին՝ նրան անվանելով «մաշած մարդիկ», որ պետք է խաղից դուրս գան: Բաբայանը չի հերքել, որ զբաղվում է «Համախմբման» լոբբինգով։ «Լավ եմ անում, լավ եմ անում… պրոբլեմ ո՞վ ունի, ասեք՝ պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»,- ասել է նա: Սակայն նա հերքել է Ռ. Քոչարյանի հետ կապը. «Ես ոչ թե բացառում եմ, այլ 100 տոկոսով պնդում եմ ու համոզված եմ, որ «Համախմբման» և Քոչարյանի միջև ոչ մի կապ չկա»։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում Քոչարյանի գործոնը սկզբունքային հարց չէ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար. «Մենք ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի գործոնը չենք քննարկել, այլև Լևոն Տեր-Պետրոսյանի, Գորբաչովի և մնացած քաղաքական ձեզ հայտնի գործիչների գործոնը»։

Իր կուսակից ընկեր Զարուհի Փոստանջյանի մասին Ա.Մարտիրոսյանը նշեց, որ, եթե նա համաձայնի՝ դաշինքի ցուցակում առաջին կինը նա կլինի։ Սակայն, ըստ ամենայնի, Փոստանջյանը կա՛մ կխզի, կա՛մ առնվազն կսառեցնի իր անդամությունը «Ժառանգությանը», քանի որ ավելի վաղ հայտարարել էր, որ մերժում է կուսակցության իր գործընկերների կողմից դաշինքով մասնակցությունը «Խորհրդարանական ընտրություններ» անվան տակ քաղաքական գործընթացին և չի պատրաստվում միանալ որևէ միավորի: Մեզ հետ զրույցում երեկ Զ.Փոստանջյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, իսկ սեփական որոշման մասին խոստացավ խոսել փետրվարի 16-ից հետո (այդ օրն ավարտվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման ժամկետը)։

Տեսանյութեր

Լրահոս