Բացի սահմանային կրակոցներից, Ադրբեջանը իրավիճակի վրա ազդելու այլ տարբերակ չունի
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը սահմանային իրավիճակի լարումն Ադրբեջանի անճարության դրսևորում է համարում:
Այսօր լրագրողների հետ զրույցում Իսկանդարյանն ասաց, որ եթե Ադրբեջանը չկրակի, ապա չի ունենա այլ միջոցներ իրավիճակի վրա ազդելու համար: «22 տարի Ադրբեջանը պատրաստվել է ապրիլին, վերջին 3-4 տարիներին ծախսվել է 20 մլրդ դոլար, բավականին շատ զինամթերք է ձեռք բերվել, հավանաբար աշխատել են նաեւ այլազգի խորհրդականներ: Նրանք օգտագործեցին անսպասելիության գործոնը: Եվ արդյունք ընդհանրապես չկա, արդեն մեկ տարի է անցել: Այս դեպքում պիտի՞ Ադրբեջանը ինչ-որ բան անի, կրակի մեջ մի բան գցի՝ օրինակ՝ Լապշինի դեպքը: Կրակում է, որովհետեւ այլ տարբերակ չկա»,-ասաց քաղաքագետը:
Նա ընդգծեց, որ նման իրավիճակում շատ դժվար կլինի հասնել սահմանին խաղաղության հաստատմանը: «Մեզ մնում է դիրքերի ամրապնդում, բանակի եւ սահմանի հզորացում, որպեսզի ավելի լավ պատրաստ լինենք այն սրացումներին, որոնք կարող են լինել հետագայում: Պարզապես պետք է նայել իրականության աչքերին, որ ոչ մի դրական փոփոխության ակնկալիք չկա, եւ լինել պատրաստ»,-եզրափակեց նա: