««Ժառանգությունը» պայքարի փորձ ունի նաև առանց տիկին Փոստանջյանի». Արմեն Մարտիրոսյան

«Այն, ինչ մենք սկսել ենք, մեր պայքարի շարունակությունն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստորագրեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համագործակցության հուշագիր:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Զարուհի Փոստանջյանին, այնուամենայնիվ, տեսնենք ցուցակում, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանն ի սկզբանե տեղյակ է եղել, որ ինքը լինելու է առաջին կին թեկնածուն, եթե ցանկանա: Ինքն այդ մոտեցմանը դեմ է եղել: Եթե Զարուհի Փոստանջյանը ցանկանա այս դաշինքում ընդգրկվի, անմիջապես դա կհարգվի»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե առանց Զ. Փոստանջյանի՝ ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ պայքարի տարբեր փուլերում տարբեր գործընկերներ են ունեցել, ու այս փուլում հնարավոր է՝ Զարուհին չլինի. «Եթե Զարուհին չմասնակցի պայքարին, մենք պայքարելու ենք այնպես, ինչպես մինչև Զարուհու «Ժառանգություն» գալը: Զարուհին կմիանա՞ մեր այդ պայքարին, մենք միայն ուրախ կլինենք, չի՞ միանա, մենք մեր պայքարը շարունակելու ենք»:

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ երեկ երեկոյան վարչության նիստ է եղել, որին Զարուհի Փոստանջյանը չի մասնակցել. դեմ ձայն, ըստ նրա՝ չի եղել այս դաշինքին միանալու որոշմանը:

Հարցին, թե Զ. Փոստանջյանի բացակայությունը չի՞ թուլացնի դաշինքը, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Դաշինքը կթուլանա, եթե ինքն իրական պայքար չտանի: «Ժառանգությունը» պայքարի փորձ ունի՝ նաև առանց տիկին Փոստանջյանի»:

Հարցին էլ, թե արդյոք քննարկվե՞լ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնն այս դաշինքում՝ Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ չեն քննարկել, ինչպես չեն քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի, Գորբաչովի և մնացած քաղաքական գործիչների գործոնը:

168.am-ի հարցին, թե «Ելք» դաշինքի հետ բանակցություններն ինչո՞ւ հաջողության չհասան, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ չի կարող մանրամասնել, բայց նշեց, որ որոշակի մոտեցումներ չհամընկան: Մեր դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանն ասում է, որ դուք առավելություններ էիք ուզում ունենալ ցուցակում, Ա. Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. ««Ժառանգությունը» միշտ էլ առավելություններ ունի, մենք հիմա չէ, որ առավելություն պետք է ստանանք, «Ժառանգության» առավելությունն իր կենսագրությունն է, իր պայքարի ուղին է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս