Իլյա Բ-ին թունավորելու կասկածանքով ձերբակալված վրացի հոգևորականը չի ընդունում իր մեղքը
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հայտարարել է, որ սպանության կասկածանքով ձերբակալված Վրաստանի պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար և սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն չի ընդունում իր մեղքը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Ձերբակալվածը ներկա փուլում չի ընդունում իր մեղքը։ Հաշվի առնելով այն, որ գործով անցնում է ինտենսիվ հետաքննություն, մենք հնարավոր չենք համարում մանրամասն խոսել գործի հանգամանքների մասին։ Թեև կարող եմ ասել, որ հասարակությունը գործի մասին հանգամանալից կտեղեկացվի։
Գոյություն ունեն մի շարք ապացույցներ, այդ թվում՝ աուդիո և տեսաձայնագրություններ, որոնց ստացվել են դատարանի վճռի հիման վրա։ Վկաների հարցաքննությունը շարունակվում է»,- ասել է Շոթաձեն Վրաստանի գլխավոր դատախազության ճեպազրույցում։
Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ին փորձել են թունավորել ցիանիդով:
Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով հայր Գեորգի Մամալաձեի ձերբակալության մասին: