Անձնագրի ընթերցումից հետո սարքը վառել է դեղին ազդանշանը
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2017 թ. փետրվարի 12-ին 15 դիտորդներով դիտարկել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի ավագանու ընտրությունները, որի ընթացքում փորձարկվել են ընտրողների գրանցման էլեկտրոնային տեխնիկական սարքերը: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտորդները և գործընկեր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները տեղամասում են գտնվել 10:30-13:30, որի ընթացքում ընտրողների գրանցման էլեկտրոնային սարքերի կիրառման տարբեր փորձարկումներ են եղել:
Փորձարկումների սահմաններում սարքերի հետ կապված գրանցվել են հետևյալ խնդիրները.
– Սարքը գրեթե առանց խնդիրների ընթերցել է ընտրողների նույնականացման քարտերը, սակայն մեծ դժվարությամբ է ընթերցել սովորական անձնագրերը, իսկ կենսաչափական անձնագրերի դեպքում տվյալները մուտքագրվել են միայն ձեռքով: Սրա պատճառ կարող է լինել թե թղթի որակը, թե այն, որ սարքի կառուցվածքը հարմար չէ անձնագրերի ընթերցման համար:
– Նկատվել է դեպք, երբ անձնագրի ընթերցումից հետո սարքը վառել է դեղին ազդանշանը, սակայն նույն ընտրողի տվյալները ձեռքով մուտքագրելուց հետո վառել է կանաչ նշանը:
– Սովորական անձնագրով քվեարկությունից հետո փորձարկվել է նույն անձի կողմից կենսաչափական անձնագրով քվեարկությունը, և տեխնիկական սարքը թույլատրել է քվեարկել՝ կրկին վառելով կանաչ ազդանշանը (այդ կերպ թույլատրելով կրկնաքվեարկությունը):
– Սարքն ընթերցել է անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ընդունելով այն որպես օրիգինալ անձնագիր:
– Ազդանշանի տողը չափազանց բարակ է եղել և դժվար տեսանելի, ինչը պատշաճ վերահսկողության տեսանկյունից խնդրահարույց է:
– Սարքը դժվարությամբ է ընթերցել մատնահետքերը: Ընտրողների մասնակցության և հերթական համարների վերաբերյալ զուգահեռ աշխատած երկու տեխնիկական սարքերի կողմից տպված տեղեկանքների տվյալների միջև եղել են անհամապատասխանություններ:
– Քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ երկու տեխնիկական սարքերի կողմից տպված տեղեկանքների տվյալը (76 ընտրող) չի համապատասխանել քվեաթերթիկների օգտագործված ելունդների թվին (83 ելունդ):
Տեղամասում ներկա էին նաև ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ-ի անդամներ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ովքեր գործընթացքի հետ կապված պարզաբանումներ ներկայացրին, ինչպես նաև խոստացան, մինչև ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները, հնարավորինս լուծումներ տալ փորձարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը գտնում է, որ վերոնշյալ բոլոր խնդիրները վերացնելը ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների սահուն ընթացքի համար կարևոր նախապայման է:
Ավելին՝ Դաշինքը համարում է, որ արդյունավետ կլինի բոլոր խնդիրները լուծելուց հետո, սակայն նախքան ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունները, ևս մեկ անգամ փորձնական կիրառել ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքեր՝ պարզելու համար, թե որքանով են լուծվել վերոնիշյալ խնդիրները:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
13-ը փետրվարի, 2017 թ.