«Հայաստանում կան քաղբանտարկյալներ». Սեյրան Օհանյան
«Ես ազատ մարդ եմ, օգտվում եմ իմ իրավունքներից, և ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել, իմ գործունեության մեջ էլ ես երբեք չեմ փորձել ազդեցություն ունենալ որևէ կուսակցության, անհատի վրա, բոլոր որոշումներն ընդունվում են փոխադարձ հարգանքի հիման վրա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր քայլերը կախված են Սամվել Բաբայանից:
«Սամվել Բաբայանի հետ մենք ունենք մտերիմ հարաբերություններ, բայց այն, որ ասվում է, որ նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, դա այդպես չէ»,- նշեց Ս. Օհանյանը:
Հարցին, թե՝ արդյո՞ք ձեր դաշինքը գնում է իշխանափոխության, Ս. Օհանյանն այսպես պատասխանեց. «Ոչ միայն այս դաշինքը, այլ յուրաքանչյուր կուսակցություն և քաղաքական ուժ, որոնք այսօր ձևավորվել են, գնում են իշխանություն ձևավորելու»: Լրագրողի ճշտող հարցին, թե՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմե՞ք, Ս. Օհանյանը պատասխանեց, որ դեռևս համապատասխան աշխատանք պետք է տանեն, որպեսզի ունենան համապատասխան քվե ժողովրդի մոտ. «Մենք հարգում ենք բոլոր կուսակցությունների գործունեությունը, բոլորին մաղթում եմ առողջ մրցակցային պայքար»:
Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե՝ հետընտրական փուլում քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչեր կհնչեցնե՞ք, Ս. Օհանյանը պատասխանեց, որ պետք չէ ժամանակից շուտ որևէ որոշում ընդունել. «Ես առաջարկում եմ, որ քաղաքակիրթ ձևով, խաղաղ պայմաններում և բարեկրթորեն մոտենանք մեր պարտականությունների կատարմանը և ժողովրդին տանենք նրան, որ բարեկիրթ ձևով կատարեն իրենց պարտականությունները: Եթե դաշինքը որոշի իր գործունեության ընթացքում հանրահավաքներ հրավիրել, ես որևէ խնդիր չեմ տեսնում»:
Լրագրողի այն հարցին էլ, թե՝ ինչպե՞ս կվերաբերվի, եթե իր կազմակերպած հանրահավաքների ժամանակ իշխանութունները Բանակը և Ոստիկանությունը հանեն ժողովրդի դեմ, Ս. Օհանյանն այսպես պատասխանեց. «Ես այդ ամեն ինչը տեսնում եմ օրինականության սահմանում: Այն ուժերը, որոնք գործունեություն ունեն պաշտպանելու մեր ներքին անվտանգությունը, իրենք պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, իսկ բանակը ներքին մեր քաղաքական կյանքում անելիք չունի, և բանակը միշտ էլ զբաղվել է իր խնդիրներով»:
Ս. Օհանյանից նաև հետաքրքրվեցին, թե արդյոք, ըստ նրա՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ: Նա պատասխանեց, որ կարծում է՝ կան քաղբանտարկյալներ, բայց անուններ չնշեց: