![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/^92959D51957193ACF71DDFDF632915E62D3B123F67CE86AC5F^pimgpsh_fullsize_distr.jpg)
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու նպատակով Հայաստանից Սիրիա 40 տոննա մարդասիրական օգնություն կտեղափոխվի: Այս մասին փետրվարի 13-ին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ համապատասխան գերատեսչություններից աշխատակիցներ կմեկնեն Սիրիա` երկու ինքնաթիռով առաքվելիք բեռը տեղ հասցնելու համար: «Մենք այդ օգնությունը չենք ուղարկում միայն այնտեղ բնակվող հայերին: Մենք դա ուղարկում ենք այն բնակավայրերը, որտեղ մեր հայրենակիցների հետ միասին բնակվում են նաև սիրիացիներ»,- ասաց նախարարը: Հայաստանի Հանրապետության կողմից որպես մարդասիրական օգնություն Սիրիա կուղարկվեն առաջին անհրաժեշտության պարագաներ` հագուստ, սնունդ:
Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 46 մլն դրամ: Գումարը նվիրաբերության կարգով փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 3-ին, ապա 5-ին Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված էր. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»: