Բաժիններ՝

Արմեն Շեկոյանն արժանացավ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 13-ին Հայաստանի գրողների միությունում: Մեծ գրողի անվան մրցանակը հանձնվեց  գրող Արմեն Շեկոյանին «Հայկական ժամանակ» վիպական պատումի մեջ Հրանտ Մաթևոսյանի կերպարը լավագույնս ներկայացնելու համար:

«Արմեն Շեկոյանը մեր սերնդի լավագույն գրողներից է: Նա հրատարակել է վեց բանաստեղծական ժողովածու, մանկական բանաստեղծությունների ժողովածու: Անկախությունից հետո նա անցավ նաև վեպեր գրելուն: Նրա «Հայկական ժամանակ» գործն ասես անվերջ է: Նրանում ներկայացվում են դեմքեր, դեպքեր, իրավիճակներ, իրադարձություններ, որոնք հեղինակը յուրովի է տեսել ու մեկնաբանել»,- նշեց ՀՀ գրողների միության նախագահ  Էդվարդ Միլիտոնյանը:

Հրանտ Մաթևոսյանի կնոջ՝ Վերժինե Մովսիսյանի խոսքով` Արմեն Շեկոյանն իրենց ընտանիքի լավագույն բարեկամն էր: «Կար մի ժամանակ, երբ Արմենն ամեն օր մեր տուն էր գալիս: Նա շատ լավ զրուցընկեր էր, ում Հրանտը շատ սիրեց: Մեր տանը գրական մթնոլորտ էր ստեղծվել, որտեղ քննարկվում էին գրականությունը, մամուլը,  վերլուծում էին ժամանակի դեպքերն ու իրադարձությունները»,-ասաց Մովսիսյանը և հավելեց, որ Շեկոյանը որպես մարդ, գրող և քաղաքացի մաքրագույն էր և այդպիսին է մինչ օրս:

«Անվերջանալի վեպի» հրատարակիչ Վիլյամ Պողոսյանն ընդգծեց, որ Արմեն Շեկոյանի բազմաթիվ գործեր է հրատարակել: «Նա ինձ համար մեր պոեզիայի և արձակի լավագույն ներկայացուցիչներից է: Ուրախ եմ, որ այս մրցանակին նա արժանացավ»,-ասաց Պողոսյանն ու շեշտեց, որ մի քանի շաբաթ հետո լույս կտեսնի Շեկոյանի ինքնատիպ քառյակների ժողովածուն:

«Այս մրցանակը շատ արժեքավոր է, քանի որ Հրանտ Մաթևոսյանն ինձ համար մեծ մարդ էր և գրող: Հաճելի է, որ նկատվել է, որ ես իմ արձակում անդրադառնում եմ Մաթևոսյանին»,-ասաց Շեկոյանը և հավելեց, որ կյանքն իրեն երես է տվել, քանի որ հնարավորություն է ունեցել շփվել Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի, նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ: «Արել եմ ամեն բան, որ այդ մեծերից ստացած տպավորությունս փոխանցեմ ընթերցասերներին»,-ընդգծեց գրողը:

Արմեն Շեկոյանի վերջերս լույս տեսած «Փողոցը» գրքում «Միջնորդը» վերնագրով ստեղծագործությունը նույնպես Մաթևոսյանին է նվիրված:

Ամեն տարի մրցանակը տրամադրվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային- բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ՀԳՄ վարչության համատեղ քննարկման և որոշման արդյունքում:

Արձակագիրներին ու գրականագետներին այս մրցանակը շնորհվում է 12-րդ անգամ: Այն հանձնվել է Լևոն Խեչոյանին, Վահագն Գրիգորյանին, Ռուբեն Հովսեփյանին, Ֆելիքս Մելոյանին, Անդրեյ Բիտովին և այլոց:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին:  Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում:

1958-62 թվականներին աշխատել է որպես սրբագրիչ «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Ստեղծագործությունները թարգմանվել և լույս են տեսել մի շարք լեզուներով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, թատրոններում բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: 2004 -ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս