Բելառուսում սկսել է գործել անայցագիր ռեժիմն 80 երկրների հետ
Բելառուսում սկսել է գործել հնգօրյա անայցագիր ռեժիմը: Ինչպես հաղորդում է «Միր 24»-ը, փետրվարի 12-ից, առանց լրացուցիչ թույլտվությունների ձեւակերպման, երկիր կարող են ժամանել, մասնավորապես, Եվրոպայի երկրների բնակիչները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Բրազիլիայի եւ Ինդոնեզիայի քաղաքացիները:
Բելառուսի սպորտի եւ զբոսաշրջության փոխնախարար Միխայիլ Պորտնոյն անայցագիր ռեժիմի սահմանումը համարել է բեկումնային քայլ, սակայն նշել Է, որ առաջին երկու- երեք ամսում երկիրը տուրիստական հոսքի բազմակի մեծացում չի ակնկալում: Ինչպես ճշտել է Sputnik գործակալությունը, նոր ռեժիմի աշխատանքի առաջին օրը Բելառուսում հայտնվել ցանկացողների հոսք չի նկատվել:
Օտարերկրացիները կարող են առանց այցագրի Բելառուս ժամանել սոսկ Մինսկի օդանավակայանով, ճանապարհորդներին հարկավոր կլինեն բժշկական ապահովագրություն եւ դրամական գումար՝ օրական 22 եվրո Բելառուսում գտնվելու մեկ օրվա հաշվարկով:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հրաման Է տվել սահմանային գոտու ռեժիմ սահմանել ռուս-բելառուսական սահմանների երկայնքով: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է այդ քայլը՝ հայտարարելով, թե Ռուսաստանն այդ կերպ խախտում է միջպետական պայմանագիրը: