«Դուք պետք է միջամտեք». Լապշինի կինը դիմել է Իսրայելի վարչապետին
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը դիմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին` խնդրելով դիմել Բաքվի իշխանություններին իր ամուսնուն ազատ արձակելու պահանջով: Լապշինի կինը` Եկատերինան, ընդգծել է, որ «Պանդորայի արկղը բացվ ած է, որն իրական վտանգ է ցանկացած բլոգերի, լրագրողի կամ սովորական ճանապարհորդի համար»:
Ստորև ներկայացնում ենք Լապշինի կնոջ դիմումը Իսրայելի վարչապետին: Դիմումը տեղադրված է նաև Change.org-ում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ստորագրել հայտարարության տակ:
«Հարգարժան պարոն վարչապետ,
Որպես պետության ղեկավար` Դուք միջազգային մեծ ազդեցություն ունեք, հետևաբար կարող եք և պետք է օգնեք Իսրայելի քաղաքացուն, ով ծառայել է երկրի պաշտպանության բանակում և այժմ հայտնվել է բարդ իրադրությունում: Դուք ազատ եք արձակել Գիլադ Շալիթին` նրա համար բարձր գին վճարելով: Ձեր եղբայրն ընկել է Էնթեբբեում իսրայելցիներին և հրեաներին փրկելու գործողության ժամանակ,-գրել է Լապշինի կինը՝ նշելով, որ եկել է ժամանակն օգնելու բլոգերի և լրագրողի, ով իր լրագրողական պարտականությունը կատարելու հետևանքով ընկավ ադրբեջանական բանտ: -Հաշվի առնելով Իսրայելի և Ադրբեջանի միջև լավ հարաբերությունները, համատեղ ռազմական և տնտեսական ծրագրերը` Դուք ունեք հնարավորություն հաստատակամ պահանջով դիմելու նախագահ Ալիևին և օգնելու իսրայելցուն հայտնվել ազատության մեջ:
Սա խիստ վտանգավոր նախադեպ է, եթե այս ամենի նկատմամբ փակենք աչքերը, ապա ապագայում շատ իսրայելցիներ կարող են նման իրադրության պայմաններում հայտնվել վիճելի տարածքներ և անգամ Երուսաղեմում մեր տարածքներ կամ Գոլանի բարձունքներ այցելելու հետևանքով, որոնք միջազգային հանրությունը իսրայելական չի համարում:
Մենք հասկանում ենք, որ ձեր ուշադրությունը սևեռված է գլոբալ հարցերի վրա, ինչպես իրանական սպառնալիքը, սակայն սեփական երկրի քաղաքացիներին օգնություն տրամադրելը պակաս կարևոր չէ, քանի որ մենք մերոնց չենք լքում` ոչ միայն մարտի դաշտում, այլ ամենուր:
Մենք ակնկալում ենք ձեր միջամտությունը, քանի որ Դուք կարող եք: Եվ Դուք պետք է միջամտեք»: