ՔԿՎ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի հայտարարության մասին. «ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից որևէ խոչընդոտ չի ստեղծվել»

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ն. Փաշինյանն ու Է. Մարուքյանը հայտարարել են, թե իրենց թույլ չեն տվել տեսակցել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա. Սարգսյանին նրա խցային պայմանները դիտարկելու նպատակով`վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս տեսակցությունների վրա արգելանք դրվելու պատճառաբանությամբ, երբ իրենք` որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետք է այդ խնդիրը չունենան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։

Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից որևէ խոչընդոտ չի ստեղծվել ԱԺ պագամավորներիի կողմից կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք գործելու իրավունքի իրացման կապակցությամբ, ինչը և կատարվել է վերջիններիս կողմից:
Սակայն քանի որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո Ն.Փաշինյանը և Է. Մարուքյանը ցանկություն են հայտնել տեսակցել կալանավորված Ա. Սարգսյանի հետ, որի տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ, ուստի վերջիններիս պահանջը օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափորեն մերժվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից:

Հիշյալ իրավական սահմանափակումները, քրեակատարողական և քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան, վերաբերելի չեն պաշտպանի ինստիտուտին, իսկ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրության ուժով՝ չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:

Վերը նշվածի մասին պատգամավորները պատշաճ տեղեկացվել են նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս