«Ազատ դեմոկրատների» ցուցակը կգլխավորի Խաչատուր Քոքոբելյանը. Հրանտ Բագրատյանի մասնակցության հարցն այսօր կքննարկվի

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու իրենց հայտը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի փետրվարի 15-ին կամ 16-ին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ և մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը նշեց, որ իրենց ցուցակը բաղկացած կլինի մոտավորապես 100-110 հոգուց, 70 տոկոսը կլինեն երիտասարդներ:

«Այդ բովանդակային սերնդափոխության շունչը դուք անպայման կտեսնեք: Այս պահի դրությամբ կարող եմ հստակ ասել՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, առաջին կին թեկնածուն կլինի Անահիտ Բախշյանը»,- նշեց Ս. Մինասյանը:

Հարցին՝ եթե Խաչատուր Քոքոբելյանը պետք է ղեկավարի, սա արդյոք չի՞ նշանակում, որ Հրանտ Բագրատյանն ընդհանրապես չի լինի ցուցակում, Ս. Մինասյանը պատասխանեց, որ կան մի քիչ հստակեցումներ.

«Մենք այսօր կունենանք վարչության ընդլայնված նիստը, և այդ բոլոր հարցերին՝ Հրանտ Բագրատյանի հետ կապված, երեկոյան կպատասխանենք»:

Լրագրողի ճշտող հարցին, թե հնարավո՞ր է, որ Հրանտ Բագրատյանը չլինի ցուցակում, Ս. Մինասյանն այսպես պատասխանեց.
«Մենք հույս ունենք ու կարծում ենք, որ կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս