Ինչու չկայացավ «Ելք»-«Ժառանգություն» համագործակցությունը. Պարզաբանում է Ալեն Սիմոնյան
Հայտնի է, որ «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար բանակցություններ էր սկսել «Ելք» դաշինքի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքի հետ: Երեկ պարզ դարձավ, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հուշագիր է ստորագրելու Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ 168.am-ը «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր պատճառը, որ «Ժառանգության» հետ իրենց բանակցությունները հաջողության չհասան: Ի պատասխան՝ նա ասաց, որ իրենք պատրաստ ենք եղել հավասար պայմաններով գնալ ընտրությունների. «Այն հուշագրում նշված կետերը, որոնք ընդունել են մնացած երեք կուսակցությունները, նույն պայմաններով առաջարկ է եղել»:
Հարցին, թե ո՞ր կետի հետ համաձայն չեն եղել՝ Ա. Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Որևէ հստակ պատասխան մենք չենք ստացել, հարց է եղել, ցանկություն է եղել՝ տեղերի հետ կապված առավելություն ունենալ, և այլն, մենք ասել ենք, որ հավասար սկզբունքով է լինելու դա, բայց այդ տարբերակը, ըստ էության, չի բավարարել «Ժառանգություն» կուսակցությանը, և երեկվա որոշումից հետո՝ ինձ համար «Ժառանգություն» կուսակցությունը միայն Զարուհի Փոստանջյանն է:
Այլևս ես «Ժառանգություն» կուսակցություն չեմ ճանաչում, և Րաֆֆի Հովհաննիսյանը քամուն տվեց իր «Ժառանգությունը»: Փաստացի, այդ ուժը գնաց ու կազմեց մի մաս նախկին պաշտոնյաների հետ, նրանք կիսեցին Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի՝ Մարտի 1-ի հետ կապված պատասխանատվությունը»:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Զարուհի Փոստանջյանը ձեր ցուցակով առաջադրվի՝ Ա. Սիմոնյանը չբացառեց, բայց նաև նշեց, որ դա դեռ չի քննարկվել: