Վրաստանում հաստատել են պատրիարքարանի բարձրաստիճան աշխատակցի ձերբակալության փաստը
Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն հաստատել է տեղեկությունը, որ ձերբակալվել է Վրաստանի պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար և սուրբ Աննայի և Հովակիմի անվան բժշկական կենտրոնի տնօրեն, հայր Գեորգի Մամալաձեն:
Նախօրեին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը հայտնել էր Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին, որը ներկայումս Գերմանիայում վիրահատության է պատրաստվում։
Հաղորդվել էր, որ Անզոր Չուբինիձեն մեկնել է Գերմանիա ու պատրիարքի անվտանգության ծառայության ղեկավար Իոսեբ Օհանաշվիլիից պահանջել վերադառնալ Վրաստան դատախազության պահանջով, որը վերաբերել է պատրիարքի անվտանգությանը։
Մի քանի ժամ հարցաքննությունից հետո Օհանաշվիլին վերադարձել է Գերմանիա։ «Ես գտնվում եմ Բեռլինում, շարունակում եմ իրականացնել պարտականություններս, այլ հարցերի պատասխանել չեմ կարող»,- ասել է նա հեռուստաալիքի եթերում։
«Մամալաձեն իհարկե ձերբակալվել է, սակայն լավ կլինի, որ դրա հետ կապված հայտարարություններն անեն համապատասխան կառույցները, ես պատասխանատու եմ անվտանգության համար»,- հայտարարել է Չուբինիձեն լրագրողներին Բեռլինում։
Նրա ելույթը հեռարձակվել է վրացական հեռուստաալիքներով։
«Անվտանգության ուժեղացման անհրաժեշտություն չի եղել, մենք անհրաժեշտ համարեցինք գալ ու անձնամբ տեսնել իրավիճակը անվտանգության տեսակետից։ Ես պլանավորում էի գալ Գերմանիա՝ կապված վարչապետի պլանավորած այցի հետ ու որոշեցի գալ այստեղ իմ աչքերով տեսնելու վիճակը»,- հավելել է Չուբինիձեն։
Վրաստանի պատրիարքի տեղեկատվական ծառայության ղեկավար հայր Դմիտրին հայտարարել է «Ռուսթավի-2»-ի հետ զրույցում, որ սկսվել է հետաքննություն, սակայն մանրամասներ հրաժարվել է հայտնել։
Նրա խոսքով՝ պատրիարքի վիճակը ներկայումս կայուն է։
«Բժիշկները հույս են տալիս, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի»,- ասել է նա։
Իլյա 2-րդն այսօր Բեռլինում կվիրահատվի։