Բաժիններ՝

Խաղ սպառողից՝ մինչև խաղ ստեղծող. Գյումրիում մեկնարկել է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է թվով 3-րդ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը:

Մրցույթի հիմնական նպատակն է՝ խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին: «ԴիջիԿոդը» միաժամանակ հարթակ է, որտեղ ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարար գաղափարներով:

Մրցույթի ծրագրավորման լեզուն Scratch-ն է: Scratch-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է: Աշխատելով այս միջավայրում՝ դպրոցականները ցանցի միջոցով կապեր են հաստատում նաև արտասահմանյան այլ դպրոցների աշակերտների հետ, քննարկում իրենց ստեղծած խաղերի ուժեղ և թույլ կողմերը, օգնում և գնահատում միմյանց:

Դպրոցականները մրցում են մինչև 13 տարեկան և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում՝ «Լավագույն խաղ», «Լավագույն վիրտուալ լաբորատորիա» «Լավագույն դիզայն» և «Լավագույն մտահղացում» անվանակարգերի համար:

Այս անվանակարգերից բացի, այս տարի առաջին անգամ երկու տարիքային խմբերի համար սահմանվել է նաև «ԱրՄաթի մրցանակ» անվանակարգը, որի հաղթողները կորոշվեն ՀՀ բոլոր մարզերի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների սաների քվեարկությամբ: Արմաթականներն արդեն ծանոթացել են MIT կայքում տեղադրված խաղերին և իրենց գնահատականները կհնչեցնեն վիդեոհաղորդագրությունների տեսքով:

Ծրագրավորման պատանեկան մրցույթն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ Ucom ընկերության աջակցությամբ:

Մրցույթի բացման արարողության ընթացքում բոլոր մասնակիցներին ողջունել է ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: Վերջինիս խոսքով՝ տեխնոլոգիական կրթության զարգացումը միության ռազմավարական ուղղություններից մեկն է, և միությունը մշտապես իրականացնում է կրթական ծրագրեր և խրախուսական մրցույթներ՝ հատկապես կարևորելով մարզային հավասարաչափ բաշխվածությունը: Այնպես որ, պատահական չէ, որ մրցույթին մասնակցում են պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից, և մրցույթն իրականացվում է Գյումրիում:

«ԴիջիԿոդ» ծրագրավորման մրցույթի հաղթողներն ԻՏՁՄ-ի, Ucom և Huawei ընկերությունների կողմից կարժանանան դրամական պարգևների, կստանան բջջային հեռախոսներ, վերապատրաստման և տեխնոլոգիական ճամբարներին մասնակցելու հնարավորություն:

Արդեն 3-րդ անգամ անցկացվող «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների մոտ: Այս տարի մրցույթին դիմել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի 360 դպրոցականներ, որոնցից տարբեր դպրոցների 40 լավագույնները մասնագիտական ժյուրիի անդամներին կներկայացնեն իրենց ստեղծած խաղերը: Ժյուրիի կազմում ընդգրկված են Ինստիգեյթ, Ֆայմտեք, Լևիաթան և այլ առաջատար ՏՏ ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս