«Դաշինքներ կկազմենք, եթե մենք լինենք որոշումներ կայացնողը կամ ազդեցություն ունենանք դրանց ընդունման վրա»

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի միայնակ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով` իրենք ունեն ծրագիր և գիտեն՝ որտեղ և ինչ անել:

«Նորարարական և հետաքրքիր լուծումների առաջարկներ ունենք, որոնք կներկայացնենք ընտրություններից առաջ: Մեր մոտեցումն այն է, որ ընտրություններին գնում ենք կուսակցությունով, սակայն համագործակցություն` հատկապես ընտրությունների արդար և թափանցիկ ընթացքի համար, միանշանակ կլինի: Կտեսնենք՝ ինչ տարբերակներով կլինի: Հայաստանի 25 տարիների փորձը ցույց է տվել, թե հետագայում ինչ են լինում նախընտրական դաշինքները:

Մենք կարևորում ենք քաղաքական ուժերի ինստիտուցիոնալ կայացման դերը, որովհետև նոր ստեղծվող դաշինքների մոտ, եթե չկան գաղափարախոսական մոտեցումներ և քաղաքական տեսլական, ապա սկսվում են ապակենտրոնացման գործընթացներ»,- նշեց Շահգելդյանը:

Խոսելով հետընտրական դաշինքների մասին՝ նա նշեց, որ պետք չէ «Աստծուց առաջ անցնել»: «Քանի որ «Հայկական Վերածնունդ»-ն այսօր հզորանում է, ապա շատ հնարավոր է, որ ստեղծենք հետընտրական դաշինքներ: Մենք դաշինքներ կկազմենք այն դեպքում, եթե մենք լինենք որոշումներ կայացնող կամ ազդեցություն ունենանք դրանց ընդունման վրա»,- ասաց Շահգելդյանը` հավելելով, որ իշխանությունը երբեք ինքնանպատակ չի եղել իրենց համար:

Տեսանյութեր

Լրահոս