«Մա՛հ Ամերիկային». հարյուր հազարավոր իրանցիներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ Թրամփի
Իրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ միտինգի են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ՝ վանկարկելով «Մա՛հ Ամերիկային»։
Երթը կայացել է Իրանի Իսլամական հեղափոխության տարեդարձի օրը, հայտնում է Reuters-ը։
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ Իրանի միլիոնավոր քաղաքացիներ միացել են տարեդարձի տոնակատարությանը՝ վանկարկելով ավանդական հակաամերիկյան ու հակաիսրայելական կարգախոսներ ու այրելով ամերիկյան դրոշները։
Միևնույն ժամանակ, սոցցանցերում բազմաթիվ իրանցիներ միացել են ֆլեշմոբի, որը կոչ է անում դադարեցնել դրոշներ այրելը հեղափոխության տոնակատարությունների ժամանակ։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով միգինգում, հայտարարել է, թե իրանցի ժողովրդի ցանկությունը՝ դուրս գալ փողոց Իսլամական հեղափոխության օրը, պատասխան է Սպիտակ տանը։
Նրա խոսքով՝ միլիոնավոր իրանցիներ դուրս են եկել փողոցներ, որպեսզի հստակ հասկացնեն Սպիտակ տան պաշտոնյաներին, որ չեն հրաժարվի հեղափոխության ու հանգուցյալ իմամ Խոմեյնիի ուղուց։
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարության ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե իրանցիները իրենց վերաբերմունքը կարտահայտեն Սպիտակ տան հանդեպ։
«Նա (Թրամփը) ասում է. «Դուք պետք է ինձանից վախենաք»։ Ո՛չ։ Իրանի ժողովուրդը նրա արտահայտություններին կպատասխանի փետրվարի 10-ին՝ Իրանի Իսլամական հեղափոխության տարեդարձի օրը, ու իր վերաբերմունքը կցուցաբերի նման սպառնալիքների հանդեպ»,- ընդգծել էր այաթոլլա Խամենեին։