Բաժիններ՝

Թուրքիայի փոխվարչապետը «պատահական դեպք» է որակել թուրք զինծառայողների դիրքերին ռուսական մահաբեր ավիահարվածը

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմատիզերական ուժերի ավիահարվածը թուրք զինծառայողներին միանգամայն պատահական դեպք է եղել։ Այս մասին նա հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում։

«Դա ամբողջությամբ չկանխամտածված դեպք է։
Շատ կարևոր է, որ հարգելի Պուտինը տեղեկացրեց այն մասին, որ տեղի է ունեցել դժբախտ դեպք, և դիրքորոշումը, որը ցուցադրել է ռուսական կողմը, շատ կարևոր է»,- ասել է նա։

Նուման Քուրթուլմուշը հավելել է, որ թուրքական կողմը հետաքննում է, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ, նախնական տվյալներով՝ դա համակարգման սխալ է։
«Ամեն դեպքում, դա միանգամայն պատահական դեպք է, դժբախտ դեպք, սակայն, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ գոյություն ունեցող համակարգման շրջանակում, կպարզվի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն բանից հետո, երբ ռուսական ավիացիան, Սիրիայում մարտական գործողություն կատարելիս, սխալմամբ հարված է հասցրել թուրք զինծառայողների դիրքերին՝ սպանելով 3 և վիրավորելով 11 զինծառայողի։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է թուրք զինվորականների մահվան փաստը Հալեպ նահանգում ռուսական ինքնաթիռի ոչ կանխամտածված հարվածի հետևանքով։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն իր ցավակցությունն է հայտնել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին։ Ընդ որում՝ նրանք պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել Սիրիայում տեղեկատվության փոխանակման հարցում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան արագորեն կկատարելագործեն գործողությունների համաձայնեցման մեխանիզմը Սիրիայում թուրք զինվորականների դիրքերին հասցված հարվածից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս