Բաժիններ՝

«Օճառ՝ հանուն հույսի». Արցախի Գողթանիկ գյուղում օրգանական ծագման օճառներ են պատրաստվում

Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղի բնակչուհի Լիլիթ Տոնոյանը, բացառապես բնական հումքից՝ բուսական տարատեսակ յուղերից, օրգանական ծագման օճառներ և կոսմետիկ այլ պարագաներ է պատրաստում:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիլիթ Տոնոյանը պատմել է, որ 2016թ-ին մասնակցել է «ԷկոԼաբ» կարողությունների զարգացման ծրագրին, որի նպատակն է ձևավորել կամավորական ծրագրերի տնօրինման հմտություններ և սոցիալական առաջընթաց բերող համայնքային ծրագրերի իրականացում։

Լիլիթի խոսքով, օճառներ պատրաստելու իր ծրագիրը նա անվանել է «Soap for Hope» («Օճառ՝ հանուն հույսի»): Այս թեմայով Խորվաթիայում նա նաև կոնֆերանսի է մասնակցել:

«Որպես իմ համայնքի զարգացման ծրագիր՝ ես առաջարկել եմ «Soap for Hope»-ը, որն իրենից ներկայացնում է Էկո ձեռնարկատիրություն՝ հանուն սոցիալական բարեփոխումների: Օճառների պատրաստման համար օգտագործում եմ բացառապես բնակական հումք՝ բուսական ծագմամբ յուղեր (ձիթապտղի, արմավի և այլն), դեղաբույսեր, որոնք մեծամասամբ աճում են հենց գյուղի տարածքում: Օճառները պատրաստվում են հատուկ մշակված բաղադրատոմսերով, որոնք նորարարություն են. դրանք ունեն ոչ միայն մաքրող հատկություն, այլև օգտակար են մաշկի տարատեսակ խնդիրներ ունեցողներին։ Այժմ պատրաստում ենք մաշկի տարբեր տեսակների խնամքի համար նախատեսված այլ օճառներ ևս»,- ասել է Լ. Տոնոյանը:

Մասնագիտությամբ կենսաֆիզիկոս Լիլիթ Տոնոյանը 1997 թ-ից բնակվում է Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղում: Բակալավրային և մագիստրոսական կրթությունը ստացել է Արցախի պետական համալսարանում և դասավանդում է գյուղի դպրոցում։

«Դպրոցի աշխատանքներին զուգահեռ (դասավանդում է ֆիզիկա առարկան)՝ Երևանի պետական համալսարանում կենսաֆիզիկայի բնագավառում կատարում եմ գիտահետազոտական աշխատանք. հետազոտում եմ սինթետիկ լվացող մակերևույթային ակտիվ նյութերի ազդեցությունը բջջային պրոցեսների վրա»,- մանրամասնել է Լ. Տոնոյանը և նշել, որ «Soap for Hope» անվանումը կրող այս նախագիծն իր նորարական ծրագրի մի մասն է միայն:

Անդրադառնալով ապագա ծրագրերին՝ Լ. Տոնոյանը նաև տեղեկացրել է, որ նախատեսում է ընդլայնել օճառների տեսականին և ստեղծել արցախյան ապրանքանիշ ու ներկայանալ Հայաստանում և արտերկրում։

Օճառի վաճառքից գոյացած հասույթը նա տրամադրում է Գողթանիկի դպրոցի աշակերտների համար բացվող «Ստեղծագործարան»-ին, որը հնարավորություն է ստեղծում զարգացնելու համայնքի երեխաների ստեղծագործական միտքն և ունակությունները:

«Աշխատանքները սկսել ենք անցած տարվա սեպտեմբերից: Կարծում եմ՝ գյուղի և բնակիչների խնդիրները մոտիկից ճանաչելն է հանգեցրել «Ստեղծագործարան» հիմնելու գաղափարին։ Այն կարևոր գործառույթ է իրականացնում, քանի որ Գողթանիկում դեռևս չկան պատանիների և երիտասարդների ժամանցին ու նրանց բազմակողմանի զարգացմանը նպաստող կազմակերպություններ, չեն գործում աշակերտների ու երիտասարդության ստեղծագործական կարողությունները զարգացնող խմբակներ, ակումբներ»,- մանրամասնել է Լ. Տոնոյանը և հավելել, որ սկսել են նաև բնապահպանական հետաքրքիր միջոցառումների շարք, որը կրում է «Պատերազմական աղբի վերամշակում-վերաօգտագործում» խորագիրը։

«Այս գաղափարի էությունն այն է, որ երեխաները, օգտագործելով պատերազմի ժամանակ գյուղի վրա արձակված արկերը, պետք է պատրաստեն կրեատիվ գեղեցիկ իրեր, որպեսզի մոռացության տան պատերազմի մասին տխուր ու մռայլ հիշուղությունները. այդ աշխատանքները զարգացնելու են նաև նրանց ազատ ու ստեղծարար միտքը»,- ասել է Լ. Տոնոյանը և նշել, որ ինքը ծրագրի իրականացման ընթացքում պետական որևէ աջակցություն չի ստացել, բայց աշխատանքների այս փուլում դրա կարիքն արդեն զգում է։

«Այս ծրագիրը երեխաների հետ իրականացնում ենք #IamtheChange կարգախոսով. ինքդ կատարիր այն փոփոխությունները, որոնք կուզենայիր տեսնել քո շրջապատում»,-եզրափակել է խոսքը Լիլիթ Տոնոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս