«Մենք հավատում ենք Լապշինի գործի արդարացի և օբյեկտիվ լուծմանը». Ադրբեջանում ՌԴ դեսպան
«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության հետ զրույցում Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը, անդրադառնալով Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, հայտարարել է, որ «Ադրբեջանը կատարել է ռուս-ադրբեջանական համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները։
Նա նշել է, որ դեսպանատունը ժամանակին տեղեկացվել է Ռուսաստանի քաղաքացու կալանավորման մասին։
«Փետրվարի 9-ին՝ մեր կողմից հարցում ուղարկելու հենց հաջորդ օրը հյուպատոսության աշխատակիցը հանդիպել է Լապշինի հետ: Մենք տեսել ենք, որ նրա պահման պայմանները նորմալ են: Նա բողոքներ չունի, նա ապահովված է փաստաբանով»,- հավելել է դեսպանը:
Նրա խոսքով՝ դեսպանությունը հավատում է Լապշինի գործի արդարացի և օբյեկտիվ լուծմանը՝ համաձայն միջազգային իրավական նորմերի և ռուս-ադրբեջանական համաձայնագրի։