«Մենք այս պահի դրությամբ հավաքագրել ենք գաղափարներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 420 մլն դոլար»

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ներկայացրեց բնապահպանության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը։

Նրա խոսքով՝ ներդրումային ծրագրերի խրախուսմանն ուղղված կառավարության գործողությունները վերաբերում են բոլոր ոլորտներին, այդ թվում՝ բնապահպանության՝ շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման և բնական ռեսուրսների արդյունավետ, ողջամիտ կառավարման համակարգերին։

«Բնապահպանության նախարարությունը որդեգրել է քաղաքականություն՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման և նպատակային ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Որպես կարևորագույն գործիքներ՝ ներկայումս քննարկման փուլում են հետևյալները։ Խոսքը բնապահպանական և բնօգտագործման վճարներն ամբողջությամբ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղելու ծրագրային առաջարկների մասին է։ Ինչպես գիտեք, յուրաքանչյուր տարի պետական բյուջեում ձևավորվում է շուրջ 70 մլն դոլարին համարժեք բնապահապանական և բնօգտագործման վճար, որոնցից, ցավոք, շատ քիչ մասն է ուղղվում շրջակա միջավայրի բարելավման կոնկրետ ծրագրերի իրականացմանը։ Մեր առաջին խնդիրն այս ամբողջ բյուջետային միջոցները շրջակա միջավայրի պահպանության ծրագրեր տեղափոխելն է, այդ թվում՝ նաև համայնքներում և կոնկրետ տարածքներում ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ խնդիր ունենալով ապահովելու շրջակա միջավայրի բարելավումը և զարգացման տեսակետից բավարար հիմքեր ստեղծել թե ներկա, թե ապագա սերունդների համար»,- ասաց նա։

Երկրորդ գործիքը, ըստ Արծվիկ Մինասյանի՝ Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող և հաջողված կիրառում ունեցող «բնապահպանական ծրագիր՝ պարտքի դիմաց» գործիքն է։ «Երբ երկու երկրների միջև կա ձևավորված արտաքին պարտք, այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Գերմանիան, հանդես են գալիս առաջարկությամբ, որ պատրաստ են պարտքի որոշակի մասը զիջել, եթե դրա դիմաց բնապահպանական ծրագրեր իրականացվեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ներկայումս ընթանում են բանակցություններ։ Ըստ նախարարի՝ երրորդ գործիքը մասնավոր ներդրումներն են, որոնք կարող են արդյունավետորեն ներգրավվել բնապահպանության ոլորտում։

«Մենք այս պահի դրությամբ հավաքագրել ենք գաղափարներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 420 մլն դոլար, որից այս պահին կոնկրետ ծրագրերի տեսքով ունենք շուրջ 185 մլն-ի մոտ ներդրումային ծրագրեր»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ առանձնացնելով մի քանի ծրագիր։ Ըստ նրա՝ ծրագրերից մեկը վերաբերում է քաղաքային տնտեսություններում էներգաարդյունավետության բարձրացմանը լուսավորության բնագավառում։ «Սա հայտնի ծրագիր է, որի արդյունքում տարեկան կրճատում ենք շուրջ 580 տոննա CO2, 35.6 կմ փողոցային լուսավորության էներգաարդյունավետ արդիականացում ունենք։ Համայնքներում 120 հազար դոլարով նվազեցվելու են շահագործման ծախսերը։ Այս ծրագրի ամենավատ օրինակն Իսակով պողոտայի լուսավորությունն է, որը հնարավորություն տվեց խնայողությունների հաշվին շրջանառու միջոց ձևավորել և իրականացնել նաև Մաշտոցի պողոտայի լուսավորության աշխատանքները»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ խոսելով շենքերում էներգախնայողության միջոցառումների կազմակերպական և ֆինանսական ռիսկերի մեղմմանը, պահպանվող տարածքների աջակցմանը, «Ջերմուկ» ազգային պարկի, Տաթևի տարածաշրջանում ազգային պարկի ստեղծմանն առնչվող և այլ ծրագրերի մասին։

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև Գառնու ձորի հետ կապված գաղափարին։ «Բնության հուշարձան համարվող «Քարերի սիմֆոնիայում» նախատեսվում է ծրագիր իրականացնել։ Այն ուղիղ կապի մեջ կլինի Խոսրովի անտառ պետական արգելոցի հետ, կձևավորվի մի հետաքրքիր շղթա։ Նպատակն է՝ ճոպանուղի ունենալ, որը կապահովի տեղափոխումը ձորի վրայից։ Նախատեսում ենք կամուրջ ունենալ, որը զբոսաշրջիկներին թույլ կտա տեղափոխվել, օգտվել այս գեղեցիկ վայրը տեսնելու բոլոր հնարավորություններից»։

Տեսանյութեր

Լրահոս