Բաժիններ՝

«Հարավային Օսիան կվերադառնա ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հարցին ընտրություններից հետո». Տիբիլով

Հարավային Օսիան Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հնարավոր հարցը հետաձգվել է նախագահական ընտրություններից հետո, որոնք կայանալու են 2017թ. ապրիլին, հայտարարել է Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովը։ Այս մասին հայտնում է TASS-ը։

«Անցած տարի մենք հանգեցինք ինչ-որ սխեմայի, որը թույլ կտար մեզ հանրաքվեի հիման վրա ՌԴ ղեկավարությանը միանալու առաջարկությամբ հանդես գալ։ Դա ներպետական գործընթաց է։ Ես հանդես եկա մեր Սահմանադրության 10-րդ հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկով, սակայն հետո տարբեր հակասական կարծիքներ ծագեցին գործընթացների վերաբերյալ և եկա եզրակացության, որ հարցը պետք է մանրամասն քննվի քաղաքական խորհրդում»,- ասել է Տիբիլովը։

«Քաղաքական խորհրդում որոշում կայացրեցինք այդ հարցին վերադառնալ 2017թ. ընտրություններից հետո։ Ռուսաստանից մեր գործընկերների հետ աշխատելու ժամանակ կա, Մոսկվայում մեր գաղափարների հետ ծանոթ են»,- հավելել է Տիբիլովը։

Ընդ որում՝ նա նշել է, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գաղափարը բացառապես իրեն չի պատկանում կամ որևէ մեկին։

«Հարավային Օսիայի բոլոր բնակիչները տրամադրված են Ռուսաստանի հետ մերձեցմանը:
Արդեն այսօր կարելի է ասել, որ մենք ՌԴ-ի հետ գտնվում ենք միասնական տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական տիրույթում»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս