«ՀՅԴ ցուցակներն արդեն գրեթե կազմված են». Արմեն Ռուստամյան

«Ցուցակներն արդեն գրեթե կազմված են, կամբողջացվեն, դեռ ժամանակ ունենք: Ակնհայտ է, որ Դաշնակցությունը գնում է առանձին իր ցուցակով, որևէ դաշինքի մեջ չի մտնելու: Ռեյտինգային ցուցակները ևս ամբողջացվում են: Բոլոր տեղերում ունենալու ենք մեր թեկնածուները, աշխատում ենք ամբողջությամբ լրացնել: Մինչև հիմա Դաշնակցությունը բազմաթիվ ընտրությունների է մասնակցել և մենք մեր թիմում գիտենք ով ինչպիսի ձայների է տիրապետում կոնկրետ տարածքներում և այդ խնդիրը լուծելը դժվար հարց չի: Որևէ պրոբլեմ չենք տեսնում»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հրաժարվելով նշել ցուցակի առաջին եռյակի անունները:

Ըստ նրա` բոլոր տարածքներում էլ կան այնպիսի անձինք, որոնք, բացի այն, որ ՀՅԴ անդամ են եղել և ապացուցել են իրենց նվիրվածությունը կուսակցության ծրագրերին, նաև իրենց տարածքներում հեղինակություն են վայելում: Ռուստամյանի խոսքով` Դաշնակցության պարագան յուրահատուկ է, որովհետև լինելով քաղաքական-գաղափարական կուսակցություն, ՀՅԴ-ն ունի իր կայուն էլեկտորատը, իսկ այդ կայունությունը այսօր ՀՅԴ-ին շատ պետք է, որովհետև այդ կայունությունը շատերը չունեն: Պատգամավորի խոսքով` իրենք հենվելու են այդ կայուն էլեկտորատի վրա` այն բազմապատկելով և ավելացնելով:

«Իհարկե, կան ցանկում նաև մարդիկ, որոնք դաշնակցական չեն, անկուսակցական են, որովհետև Դաշնակցությունը միայն իր ուժերի վրա չի կենտրոնանում, այն պետք է ավելի շատ համակիրներ ունենա, քան անդամներ: Մենք բազմապատիկ անգամ ավելի համակիր ենք ունեցել, քան մեր անդամներն են»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Նրա կարծիքով` ընտրությունների երկրորդ փուլ չի լինելու: Պատգամավորներն ընդգծեց, որ նոր որակով են անցկացվելու ընտրությունները և ամենահավանականն է, որ առաջին փուլից հետո մի քանի ուժեր կձևավորեն մեծամասնություն, և կկարողանան կառավարություն ձևավորել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս