Պուտինը ներողություն է խնդրել Էրդողանից. ԶԼՄ-ներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն բանից հետո, երբ ռուսական ավիացիան, Սիրիայում մարտական գործողություն կատարելիս, սխալմամբ հարված է հասցրել թուրք զինծառայողներին՝ սպանելով 3 և վիրավորելով 11 զինծառայողի, հայտնում է Press TV-ն՝ հղում անելով թուրքական զինված ուժերի հայտարարությանը:
Թուրքական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ Պուտինը զանգահարել է Էրդողանին, իր ցավակցություններն է հայտնել ու վշտակցությունը թուրք զինվորականների մահվան պատճառով։ Ներկայումս երկու երկրների կառույցները զբաղվում են կատարվածի հետաքննությամբ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է թուրք զինվորականների մահվան փաստը Հալեպ նահանգում ռուսական ինքնաթիռի ոչ կանխամտածված հարվածի հետևանքով։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն իր ցավակցությունն է հայտնել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին։ Ընդ որում՝ նրանք պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել Սիրիայում տեղեկատվության փոխանակման հարցում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան արագորեն կկատարելագործեն գործողությունների համաձայնեցման մեխանիզմը Սիրիայում թուրք զինվորականների դիրքերին հասցված հարվածից հետո։