«Բաքուն հաշվի է առնում Հայաստանում ռուսական ռազմական բազայի առկայությունը». Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ռուսական RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը Մոսկվայի և Երևանի գործն է, սակայն Բաքուն դա հաշվի է առնում»:
«Դա, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների գործն է: Իհարկե, յուրաքանչյուր երկիր տարածաշրջանում համապատասխանաբար նույնպես արձագանքում է՝ ելնելով այն սպառնալիքներից և մարտահրավերներից, որոնց բախվում է: Այդ գործոնը նույնպես պետք է միշտ հաշվի առնել»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Մամեդյարովը հիշեցրել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան գտնվել է դեռևս խորհրդային ժամանակներից։
«Այդ ռազմաբազան վաղուց է այնտեղ, դեռևս Խորհրդային միության ժամանակներից զորքերի բավական ուժեղ խմբավորում էր գտնվում հարավային ուղղությամբ՝ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամի հետ սահմանին:
Տվյալ պարագայում, ես այսպես եմ հասկանում, թող Ռուսաստանն ու Հայաստանը իրենք որոշեն, թեև, իհարկե, մենք նույնպես պետք է աչքերը բաց պահենք՝ հաշվի առնելով մարտահրավերները և սպառնալիքները»,- ընդգծել է Մամեդյարովը։