Բաժիններ՝

Ռուսաստանը փախստականների անվան ներքո գործակալներ է ուղարկել Եվրոպա. ԶԼՄ-ներ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակիցը, որը չի ցանկացել ներկայանալ, հայտնել է, որ Ռուսաստանը փախստականների անվան տակ չեչենների է ուղարկել Եվրոպա՝ կեղծ փաստաթղթերով՝ նպատակ ունենալով արտերկրում ստեղծել գործակալների ցանց, գրում է գերմանական DW պարբերականը։

Նախկին ուժայինի մեկնաբանությունը, որը ներկայացել է որպես Իգոր, ցուցադրվել է գերմանական ZDF հեռուստաալիքով փետրվարի 8-ին։

Հարցազրույցը նախապատրաստվել է «Պուտինի սառը պատերազմը» վավերագրական ֆիլմի համար։

Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակիցը հայտնել է, որ Ռուսաստանը գործակալներ է ուղարկում, որպեսզի նրանք ինտեգրվեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի մուսուլմանական համայնքներին ու կարողանան ազդել «քաղաքական վիճակի վրա՝ Կրեմլի շահերից ելնելով»։

Նրա խոսքով՝ այդ գործակալները «հետևում են ռեժիմի քննադատներին և արմատական իսլամիստներին»։

«Արդյունքների մասին զեկուցվել է նախագահին և նա հավանություն է տվել»,- պնդում է Իգորը։

Նա նաև պատմել է, որ անձամբ է մասնակցել կեղծ փաստաթղթերի պատրաստմանը, որպեսզի ծագումով չեչենները կարողանան գնալ Եվրոպա ու այնտեղ քաղաքական ապաստան խնդրեն։
Ֆիլմի հեղինակ Էգմոնտ Կոխը ընդգծել է, որ տեսել է Իգորի ծառայողական վկայականն ու ապացույցներ ունի, որ նա իսկապես աշխատել է Անվտանգության դաշնային ծառայությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս