Բաժիններ՝

«Մոսկվան կօգնի ԼՂ կարգավորման նպատակով Երևանի և Բաքվի դիրքորոշումների մերձեցմանը». Իվան Վոլինկին

Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, TASS-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։

«Լեռնային Ղարաբաղի շփման գծում 2016 թվականի ապրիլին քառօրյա պատերազմից հետո, որը, հրավիրում եմ Ձեր ուշադրությունը, հաջողվեց դադարեցնել շնորհիվ Ռուսաստանի՝ ճիշտ ժամանակին ձեռնարկած միջնորդության, համանախագահող երկրների կողմից ձեռնարկվեցին իրավիճակի նորմալացմանն ուղղված մի շարք քայլեր»,- ասել է նա՝ հիշեցնելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների անցկացումը։

«Ցավոք, մինչև հիմա միջազգային միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդայնման մասին, դեռ չեն էլ իրագործվել»,-ընդգծել է նա։

Նա ուշադրություն է հրավիրել նաև այն փաստին, որ անցած տարվա դեկտեմբերի 29-ին արդեն զինված բախումներ են եղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

«Այդ ժամանակ սպանվեցին հայ զինծառայողներ, հարձակում գործած ադրբեջանցի զինծառայողներից մեկը սպանվեց Հայաստանի տարածքում»,- արձանագրել է ռուս դիվանագետը։

«Ընդհանուր առմամբ Ռուսաստանը հանդես է գալիս այն բանի օգտին, որ հանգստությունն ու կայունությունը վերադառնան Անդրկովկաս։ Մենք խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում, Մինսկի խմբի գործընկերների հետ համատեղ կշարունակենք ջանքեր գործադրել՝ ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանը»,- հավաստիացրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս