Բեյոնսեին դատի են տվել՝ 26 մլն դոլար պահանջելով հեղինակային իրավունքները խախտելու համար. NBC
ԱՄՆ-ում դատական հայց են ներկայացրել ամերիկացի երգչուհի Բեյոնսեի նկատմամբ, որին մեղադրել են հեղինակային իրավունքները խախտելու եւ իր երգերից մեկում ուրիշի ինտելեկտուալ սեփականությունը հավուր պատշաճի չօգտագործելու մեջ: Այդ մասին փետրվարի 8-ին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:
Երգչուհու նկատմամբ հայցը Նոր Օռլեանի (Լուիզիանայի նահանգ) դատարան են ներկայացրել ամերիկացի ռեփ-կատարող Մեսի Մայի (իսկական անունը՝ Էնթոնի Բարե) ժառանգները, որին գնդակահարել են 2010 թվականին:
Ինչպես պնդվում է փաստաթղթում, Բեյոնսեի «Formation» անվանումը կրող հիթային կոմպոզիցիայում, որն այս տարի անվանակարգվել է «Գրեմմի»-ի մի քանի մրցանակների, իբր առանց թույլտվության օգտագործվել են Մայի խոսքերը, որոնք նրա կողմից արտասանվել են YouTube ծառայությունում զետեղված տեսագրություններից մեկում:
Հայցվորները նաեւ պնդում են, որ «Formation» երգի տեսահոլովակը շատ նման է ռեփերի մի քանի ելույթներին ու աշխատանքներին, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքներով: NBC-ի տվյալներով՝ Մայի ներկայացուցիչները պահանջում են 26 մլն դոլարի չափով փոխհատուցում, ինչպես նաեւ ռեփերին ճանաչել «Formation»-ի համահեղինակ:
35-ամյա Բեյոնսեն (իսկական անունը՝ Բեյոնսե Ժիզել Նոուլզ-Քարթեր) առեւտրային առումով առավել հաջողված ամերիկացի աստղերից է: Աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշում, որը «Ֆորբս» հանդեսում հրապարակվել է 2016 թվականի նոյեմբերին, երգչուհին զբաղեցրել Է հինգերորդ տեղը:
Բեյոնսեն «Գրեմմի»-ի 20 հեղինակավոր երաժշտական մրցանակների դափնեկիր է: Ապրիլին նա ներկայացրել է իր վեցերորդ ստուդիական ալբոմը, որը կրում Է «Lemonade» անվանումը:
Երգչուհու ամուսինը հայտնի ռեփ-կատարող Ջեյ-Զին է (իսկական անունը՝ Շոն Քորի Քարթեր): Այս ամսվա սկզբին զույգը հայտարարել է, որ երկվորյակ է սպասում: Նրանք արդեն դուստր ունեն, որը ծնվել Է 2012 թվականի հունվարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: