Զենքի գործադրմամբ խուլիգանություն Արարատի մարզում. քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վերին Արտաշատում 2016 թվականի օգոստոսին զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2016թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 20:55-ին, «Աստղիկ» Բ/Կ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ կոտորակային վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Արարատի մարզի Վ.Արտաշատ գյուղի բնակիչ, 1989 թվականին ծնված Գ.Բադալյանը:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը վնասվածքն ստացել է Վ.Արտաշատում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինչպես նաև փաստական տվյալներ ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի վերաբերյալ։
Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը տուժողն իր ընկերոջ հետ գնացել է Վերին Արտաշատ գյուղին հարակից հողամասեր՝ մոտոցիկլետ վարելու։ Ժամը 19-ի սահմաններում գյուղ վերադառնալու ճանապարհին հանդիպել են համագյուղացի Մ.Ստեփանյանին, ով իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ընթացել է հանդիպակաց ճանապարհով և ավտոմեքենան կտրուկ վարել Գ.Բադալյանի ուղղությամբ։ Վերջինս խուսանավել է բախումից և շարունակել ճանապարհը՝ վիճաբանությունից խուսափելու համար։
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համագյուղացին, գյուղի կենտրոնում հանդիպելով Գ.Բադալյանին, վերջինիս մեղադրել է իր ավտոմեքենայի կողքով մոտոցիկլետով արագ վարելու և փոշի բարձրացնելու մեջ, ինչի կապակցությամբ առաջացել է վիճաբանություն, որը հետագայում շարունակվել է այլ վայրում։
Վիճաբանության ժամանակ, ըստ ձեռք բերված ապացույցների, համագյուղացին «ԻԺ-18 EM» տեսակի «A17782» համարի, 12 տրամաչափի, մեկփողանի ողորկափող հրացանից կրակոց է արձակել, որի հետևանքով Գ.Բադալյանն ստացել է կոոտորակային վնասվածքներ։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին