
Ռուբեն Հովսեփյանն առաջիկա ընտրություններին չի մասնակցելու

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը խորհրդարանական առաջիկա ընտրություններին չի մասնակցելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանը հայտնեց, որ դադարելու է զբաղվել օրենսդրական գործունեությամբ: «Բայց սա չի նշանակում, որ ես հեռանում եմ քաղաքականությունից: Մնալու եմ քաղաքական դաշտում»,- ասաց Հովսեփյանը:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նման որոշում է կայացրել, Ռուբեն Հովսեփյանը պատասխանեց, որ պարզապես այդպես է ցանկացել: Նա վստահեցրեց, որ դա անձամբ իր որոշումն է, ոչ թե ՀՀԿ-ի:
Նա նաև բացառեց այլ կուսակցության անդամակցելու հնարավորությունը: «Ինձ նման հարցեր մի տվեք: Ոչ մի ուրիշ կուսակցություն էլ չեմ գնալու: Մնալու եմ Հանրապետական»,- եզրափակեց պատգամավորը: