«2018 թվականին կունենանք մոտավորապես 85 տոկոսանոց արդիականացված սեյսմիկ ցանցեր». Փոխնախարար
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Փրկարար ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանից հետաքրքրվեց, թե սեյսմիկ պաշտպանության ոլորտում ինչքանո՞վ ենք մենք սարքավորումներով ապահովված, զինված։
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Մեր համագործակցությունը Ճապոնիայի հետ շատ բարձր մակարդակի վրա է։ Ճապոնիայի հետ «Ջայկա» ծրագրի շրջանակներում մենք բավականին զինված ենք սեյսմահաղորդիչներով և սարքավորումներով։ Մենք ունենք Գառնիում տեղադրված բազմաթիվ սարքավորումներ և՛ ԱՄՆ-ի կողմից բերված, և՛ Ֆրանսիայի կողմից բերված, ունենք սեյսմոգրաֆների փունջ Վայքում, և առաջիկայում այդ փունջը ևս 5-6 սեյսմոգրաֆով կհարստանա։ Եթե մենք համեմատելու լինենք այսօր 2000-2005 թվականների հետ՝ բավականին անհամեմատելի համեմատություններ կլինեն։ 2018 թվականին կունենանք մոտավորապես 85 տոկոսանոց արդիականացված սեյսմիկ ցանցեր»։